Նորություններ
Եղանակը Հայաստանում
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի քննարկում ԱԻ նախարարությունում
16:55 / 10.03.2020
Մարտի 10-ին գումարվեց ԱԻ նախարարին առընթեր հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը, որի շուրջ ԱԻ նախարարությունը ներկայացրել է առաջարկներ:
Ողջունելով խորհրդի անդամներին, նախարար Ցոլակյանը կարևորեց Եվրամիության և Եվրամիության երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը, նշելով, որ վերջիններս ունեն պատկառելի փորձ, գիտական մեծ ներուժ և կարող են փորձի փոխանակմամբ էականորեն օժանդակել մեր երկրին:
Առաջարկվում է Հայաստանի գործողությունները նույնականացնել Եվրամիության հետ, որն ունի հաստատված ընթացակարգեր: ԱԻ նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին ճանապարհային քարտեզի էությունը, նախարարության առաջարկները և ծավալվեց ակտիվ քննարկում:
Նախարար Ցոլակյանի համոզմամբ՝ հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին փորձագետներ կարող են ներգրավվել այս աշխատանքներում և իրենց խորհուրդներով, առաջարկներով, բարելավել կատարվող աշխատանքի որակը:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց տասնօրյա ժամկետում ներկայացնել և շրջանառել խորհրդի անդամների առաջարկները, որոնց հիման վրա ձևավորվելիք ամբողջական փաստաթուղթը կներկայացվի ՀՀ կառավարություն: