ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

ԱԻ նախարարության վետերաններն ուշադրության կենտրոնում են

17:35 / 24.11.2014

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարության նախաձեռնությամբ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայում ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ, ARDA (Armenian Relief and Development Association) և Lions in sight of CA and Nevada կազմակերպության ջանքերով կազմակերպվեց ԱԻՆ 47 վետերանների տեսողության բուժզննում:

Աշխարհի ավելի քան 67 երկրում 7 մլն մարդու օգնություն ցուցաբերելուց հետո ամերիկացի մասնագետներն այսօր Երևանում էին: Վետերանների մարզային խորհուրդների նախագահները նախապես ԱԻ նախարարության վետերանների խորհուրդ էին ներկայացրել բժշկական օգնության կարիք ունեցող վետերանների տվյալները: Նախարարության կազմավորման գործընթացում իրենց ավանդն ունեցած անձինք հնարավորություն ստացան մասնագիտացված զննում անցնել, որից հետո նրանց տրամադրեցին ակնոցներ:

Կազմակերպիչները նոյեմբերի 27-ին Գյումրիում և Վանաձորում բուժզննում կկազմակերպեն նաև մարզերի վետերանների համար:

Բարեհամբույր սպասարկումն ու ուշադրությունը հուզել էին վետերաններին: Շնորհակալական խոսքերը, որ ուղղվում էին թե բժիշկներին, թե կազմակերպիչներին, հուզիչ էին և հաճելի: Տասնյակ տարիներ իրենց անձնուրաց աշխատանքի համար նրանք այսօր ևս ուշադրության կենտրոնում էին: Շատերն էին կրկնում` «Շնորհակալ ենք, որ մեզ չեն մոռանում…»:

 

ԱԻՆ «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Ավետիսյանի խոսքով առաջիկայում նախատեսվում են նմանատիպ միջոցառումներ` աջակցություն ցուցաբերելով ԱԻ նախարարության վետերաններին` մարդկանց, որոնց խորհրդի կարիքն ունի ԱԻ նախարարության յուրաքանչյուր աշխատակից:

← Վերադառնալ ցուցակին