Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարար Դ. Տոնոյանն այցելել է Սոչիի փրկարարական ջոկատներ

15:58 / 16.02.2018

Այս օրերին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվող Ներդրումային 17-րդ ֆորումին մասնակցող ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն այցելել է ՌԴ ԱԻ նախարարության տեղի ստորաբաժանումներ:

Նախարարը եղել է 2014 թ. ՌԴ-ում լավագույնը ճանաչված Օլիմպիական այգու անվտանգությունն ապահովող թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատում, որտեղ նա այցելել է Սոչիի կայազորի պատմության թանգարան, իսկ հետո ծանոթացել ջոկատի հրշեջ-փրկարարական գույքին և այնտեղ կիրառվող տեխնիկայի նորագույն նմուշներին (օրինակ՝ հրշեջ մեքենաներ, որոնք օգտագործվում են թունելներում հրդեհաշիջման և մարդկանց փրկության համար, արագ արձագանքման մոտոցիկլ, կվադրոցիկլ, օդային հոսանքների կառավարման համալիրներ և այլն):

Նախարար Դ. Տոնոյանն այցելել է նաև ՌԴ ներդրումային ֆորումի անվտանգ աշխատանքն ապահովող ԱԻՆ օպերատիվ շտաբ և Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի Սոչիի մասնաճյուղ, որը հիմնվել է 2014 թ.՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստական և անվտանգության ապահովման աշխատանքների շրջանակում: Ստորաբաժանումը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որոնց շնորհիվ իրականացվում է օպերատիվ իրավիճակի (այդ թվում՝ տիեզերական) շուրջօրյա մոնիթորինգ: Այդ նպատակով կենտրոնում կիրառվում են տարբեր երկրատեղեկատվական համակարգեր, որոնց միջոցով մոնիթորինգի են ենթարկվում ջրհեղեղները, համաշխարհային օվկիանոսը, հրդեհավտանգ իրավիճակը և այլն: Կենտրոնը միացված է «Անվտանգ քաղաք» համակարգին, որը հնարավորություն է տալիս իրավիճակին հետևել քաղաքում տեղադրված տեսախցիկների միջոցով:

Հաջորդիվ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն այցելել է ՌԴ ԱԻՆ Հարավային շրջանի որոնողափրկարարական ջոկատ, ծանոթացել տեղի հատուկ վթարափրկարարական տեխնիկային, դաշտային հոսպիտալին, ջրասուզակային, ալպինիստական ու լեռնափրկարարական գույքին, տեխնածին արտակարգ պատահարների դեպքում կիրառվող հատուկ գործիքներին, ինչպես նաև հանդիպել ջոկատի բժշկական ծառայության աշխատակիցներին:

← Վերադառնալ ցուցակին