Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ՏԿԱԻՆ և ԳՆ ղեկավարներն այցելել են Արագածոտնի և Լոռու մարզերի ռադիոլոկացիոն կայաններ

00:00 / 07.04.2015

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել են Արագածոտնի և Լոռու մարզեր` հակակարկտային և ռադիոլոկացիոն կայանների ընթացիկ աշխատանքները դիտարկելու և պատրասվածության վիճակը ստուգելու նպատակով:


Նախարարների այցի առաջին կանգառն Արտաշավան համայնքում էր, որտեղ տեղակայված է հանրապետությունում գործող ռադիոլոկացիոն կայաններից մեկը: Նախարարներին ուղեկցում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
ՀՀ ՏԿԱԻՆ "Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ-իտնօրեն Արմեն Կարապետյանի ներկայացմամբ` հանրապետության 412 պետական և համայնքային սեփականության հակակարկտային կայանները գտնվում են այդ կայանի տեսադաշտում: Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանի կողմից ամբողջությամբ վերահսկվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տարածքը:


Մարտի 30-ին Երևանում և մայրաքաղաքին հարող հատվածներում տեղացած կարկուտի ժամանակ կայաններից արձակվել են կրակոցներ, ինչը թույլ է տվել մեղմել կարկուտի հետևանքները և խուսափել վնասներից:


"Թեև ցրտահարության հավանականությունը հանրապետությունում արդեն նվազել է, սակայն կարկտահարությունների հավանականությունը շարունակում է պահպանվել, ուստի կարևոր է միջոցներ ձեռնարկել տեղումների դեպքում դրա հետևանքները մեղմելու ուղղությամբ: Այդ պարագայում գյուղատնտեսական հաջող տարվա ակնկալիքներն այս տարի իսկապես կարդարանան", - նշել է Սերգո Կարապետյանը:


Ռադիոլոկացիոն կայանի աշխատանքներին ծանոթանալուց հետո նախարարներն այցելել են նաև Արտաշավանի հակակարկտային կայան, որը լիցքավորված է և գտնվում է պատրաստ վիճակում: Նախարարների ներկայությամբ կայանից իրականացվել են փորձնական կրակոցներ:

"Ռադիոլոկացիոն կայանների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, և հայ-ռուսական համագործակցության արդյունքում՝ նախատեսվում է հանրապետությունում դրանց թիվն ավելացնել ևս 7-ով, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել հակակարկտային կայանները: Հանրապետության բոլոր 412 հակակարկտային կայանները տեսանելի են Երևանից և կառավարվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ` մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններից, բոլորը լիցքավորված են և բերված պատրաստականության բարձր վիճակի", - հայտնել է նախարար Արմեն Երիցյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կայանների աշխատանքը` ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է սեղմ ժամկետում բարեկարգել նաև կայանների հարակից տարածքը:

Այնուհետև նախարարները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել են Դսեղի ռադիոլոկացիոն կայան, որը սպասարկում է Լոռու, Շիրակի, Տավուշի, մասամբ` նաև Արագածոտնի մարզերը: Ռադիոլոկացիոն կայանը դիտարկում է 300 կմ շառավղով տարածք, իսկ կրակոցներ կարող է իրականացնել 150 կմ շառավղով: Լոռու մարզում առկա են 33, Շիրակում` 56, Տավուշում` 3 հակակարկտային կայաններ:

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հետաքրքրվել է, թե ինչ մակարդակի վրա է մարզային ՃԿԿ-ների հետ համագործակցությունը, ինչին ի պատասխան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է, և ցանկացած տեղեկատվություն զեկուցվում է անձամբ իրեն:


Արմեն Երիցյանը հանձնարարել է ՏԿԱԻՆ "Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Կարապետյանին արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկացնել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

← Վերադառնալ ցուցակին