Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարարն այցելեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

00:00 / 23.03.2015

Մարտի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։

Նախարարը շրջայց կատարեց ակադեմիայի արդիականացված լսարաններում, եղավ գրադարանում, ծանոթացավ ակադեմիայի ուսումնական բազայի տեխնիկական հագեցվածությանը: 2014-2015 թթ. ընթացքում ակադեմիան սեփական միջոցներով վերանորոգել է մի շարք լսարաններ, դահլիճը, գրադարանը, վերջինս հագեցվել է նաև տարբեր ուսումնամեթոդական նյութերով:

Ակադեմիայում ներկայումս ուսանում է 1000 ուսանող, տարեկան վերապատրաստվում է 2000 մասնագետ, որից 1700-ը հանրապետության կառավարման մարմինների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, 300-ը՝ փրկարարներ:

Ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գնդապետ Համլետ Մաթևոսյանը նախարար Արմեն Երիցյանին տեղեկություններ ներկայացրեց ակադեմիայում իրականացված վերանորոգման աշխատանքների վերաբերյալ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակադեմիայի ղեկավար կազմին կատարված աշխատանքների համար: Ճգնաժամային կառավարման ակադեմիան այն եզակի կառույցներից է, որտեղ, իմ հանձնարարությամբ, մեր մասնագետները վերապատրաստվում և որակավորման բարձրացման դասընթացներ են անցնում: Այս առումով նաև կարևորում եմ ակադեմիան լավ մասնագետներով համալրելու հարցը», - շրջայցից հետո ակադեմիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նշեց նախարար Երիցյանը ՝ հավելելով, որ այսօր առաջնահերթ է դարձել նաև համայնքի ղեկավարների համար վերապատրաստման դասընթացների անցկացումը:

ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ներկաներին իրազեկեց ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ: Կառավարության որոշմամբ մայիսից մեկնարկելու է պիլոտային ծրագիր հանրապետության երեք մարզում: Նախարարի գնահատմամբ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի համայնքների զարգացման ծրագրերի իրականացման, առաջնահերթ խնդիրների լուծման համար:

Ակադեմիայի աշխատակիցների հետ նախարարը քննարկեց նրանց հուզող հարցերը:

← Վերադառնալ ցուցակին