Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Կոտայքի մարզխորհրդի հերթական նիստին

00:00 / 23.03.2015

 Մարտի 23-ին Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, համայնքային ղեկավարները և ավագանու անդամները:

Մարզխորհրդի նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը ներկայացրեց մարզի 2014 թ.-ի սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2015 թ.-ի ընթացիկ գործունեությունը: Կոտայքի մարզպետն անդրադարձ կատարեց նաև մարզի ժողովրդագրական ցուցանիշներին, նախորդ տարվա ընթացքում արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահական և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, հողաշինության ու հողօգտագործման բնագավառներում իրականացված աշխատանքային ուղղություններին: «Մեծ ուշադրություն է դարձվել մարզի համայնքներին։ Մարզպետարանի կողմից իրականացված ամենատարբեր դիտարկումների արդյունքում` քննարկվել և բացահայտվել են համայնքային աշխատանքների հիմնական այն ուղղությունները, որոնք ունեն հանրային կարևորություն և ազգաբնակչության բարօրության ապահովման տեսանկյունից պահանջում են համակողմանի լուծումներ: Համայնքային բյուջեի կատարողականի հարցում ապահովել ենք 99.9%, իսկ գույքահարկի գանձման հարցում` 106% արդյունք: Նշեմ նաև, որ ունենք բավական լավ պատրաստված և խելացի համայնքապետեր, ովքեր հավուր պատշաճի կատարել են իրենց վրա դրված խնդիրները», - նշեց Ա. Հարությունյանը: Մարզպետը ներակայացրեց նաև արտադրության ոլորտում մարզի ձեռքբերումները: Նրա խոսքով` մարզում գործում է 165 մշակովի, արդյունաբերական և էլեկտրաէներգետիկ ոլորտի արտադրական ձեռնարկություն, որոնք ոչ միայն բավարարում են առկա պահանջարկը, այլև ավելցուկ են ապահովում: Ա. Հարությունյանը նշեց նաև, որ 2014 թ. մարզում տեղադրվել է 10 հակակարկտային կայան, որոնք հանձնվել են համայնքների տնօրինմանը: Մարզում առկա խնդիրներից մարզպետն առանձնացրեց աղբահանության հարցը, որը լուծելու համար տարվում են ինտենսիվ աշխատանքներ:
Մարզի խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքին անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական տարվա մեկնարկն ապահովելուն միտված գործընթացների մանրամասները:
Նիստի շրջանակներում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացված դոտացիաների ու սուբվենցիաների մասին զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը:
Մարզխորհրդի նիստի ընթացքում նախարար Ա. Երիցյանի հարցերին պատասխանեցին նաև Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովհաննես Կոստանյանը և Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի համակարգող Վահագն Ոսկանյանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները, նշեց, որ ընթացիկ տարում նախատեսվող մարզային գործընթացներում նախարարության կողմից ներդրվելու են առավել համակողմանի և արդյունավետ մոտեցումներ, որոնց արդյունքում հնարավոր կդառնա լուծումներ հաղորդել մարզերում առկա հրատապ խնդիրներին և ապահովել մարզերի զարգացման հեռանկարային ծրագրերի կատարումը: «Ես երկար տարիներ աշխատել եմ այս մարզում, և այն ինձ շատ հարազատ է: 2014 թ. մարզում կատարված աշխատանքները ես գնահատում եմ դրական, սակայն 2015 թ. ավելի բարձր արդյունք պետք է ապահովենք: Ես եղել եմ 32 սահմանամերձ համայնքներում: Բոլոր տեղերում կարող եմ առանձնացնել երեք հիմնական խնդիր` խմելու և ոռոգման ջրի հարցը ու ճանապարհները: Հորդորում եմ համայնքի ղեկավարներին էլ ավելի ակտիվ ներգրավվել համայնքային խնդիրները լուծելու գործում: Դուք ինքներդ պետք առաջարկներ ներկայացնեք, որովհետև համայնքի խնդիրները ձեզանից լավ ոչ ոք չգիտի», - նշեց Ա. Երիցյանը: Նախարարն ավելացրեց նաև, որ համայնքային տարատեսակ խնդիրները լուծելու համար նախարարությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ: «Բալահովիտում վերջացրել ենք ռուս-հայկական կենտրոնի շինարարական աշխատանքները, որի շնորհիվ կունենանք նաև նոր աշխատատեղեր: Շուտով տեղի կունենա նաև Գառնիի միջազագյին սեյսմիկ կենտրոնի պաշտոնական բացում»- հավելեց Ա. Երիցյանը:
Մարզխորհրդի նիստից հետո մարզպետ Ա. Հարությունյանի ուղեկցությամբ նախարար Ա. Երիցյանը շրջեց Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային, պոլիկլինիկայի և ծննդատան մասնաշենքերում: Բժշկական կենտրոնը կապիտալ վերանորոգվել է 2010 թ.-ին` Համաշխարհային բանկի զարգացման ծրագրի շրջանակներում: Այն համապատասխանում է առողջապահության արդիական պահանջներին և հագեցած է ժամանակակից բուժսարքավորումներով: Կենտրոնն ունի շուրջ 400 աշխատող, որից 100-ը բժիշկներ են, ովքեր անցել են մասնագիտական բարձր վերապատրաստում: Հիվանդանոցի տնօրեն Ռուբեն Սահակյանի ուղեկցությամբ նախարարն ու մարզպետը ծանոթացան կազմակերպվող առողջապահական գործընթացների մանրամասներին, զրուցեցին բուժանձնակազմի հետ:

← Վերադառնալ ցուցակին