Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Լոռու մարզխորհրդի նիստին

00:00 / 20.02.2015

Փետրվարի 20-ին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, ավագանիների անդամներ ու բնակիչներ, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տարեկան ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ամփոփ ելույթով անդրադարձավ 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքներին: Մարզպետի խոսքով 2014 թ. հանրապետության համար սոցիալական լուրջ մարտահրավերների հաղթահարման, հիմնախնդիրների լուծման ժամանակաշրջան էր: Միաժամանակ, ըստ Ա. Նալբանդյանի, եղան նաև անկանխատեսելի ցնցումներ՝ կապված աշխարհաքաղաքական հայտնի իրադարձությունների հետ:

Մարզպետի խոսքով ողջ հանրապետության և հատկապես Լոռու մարզի համար նշանակալի ձեռքբերում է եղել նոր աշխատատեղերի ստեղծումը: Ըստ մարզի ղեկավարի, նախորդ տարեվերջին «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեկնարկը նշանակալի երևույթ էր ոչ միայն մարզի, այլև ողջ հանրապետության համար. աշխատանքով ապահովվեց ավելի քան 1300 մարդ: Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումն աշխատանքով ապահովում է շուրջ 220, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝ 100 մարդու: <<Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ այլ ծրագրեր ու անելիքներ ևս կան ու իրատեսորեն սպասելի է, որ մոտ ապագայում աշխատատեղեր կբացվեն նաև Տաշիրի շրջանում՝ պանրարտադրության զարգացմամբ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, և այլուր: Լուրջ ուշադրություն է դարձվում նաև ՓՄՁ-ների զարգացմանը: Երիտասարդ սկսնակ գործարարներին աջակցելու նպատակով ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնի և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ծրագրեր են իրականացվում՝ հնարավորություն տալով երիտասարդ գործարարներին հիմնել սեփական գործը>>, - եզրափակեց մարզպետը: Լոռու մարզում ակնհայտ ձեռքբերումների շարքում Ա. Նալբանդյանն առանձնացրեց տուրիզմի բնագավառը, որին ուղղված լուրջ ծրագրեր են իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռհոն Ալպ ռեգիոնների հետ համագործակցությամբ:

Այս տարի մարզպետարանի հաշվետվությունն առավել հանգամանալից և տպավորիչ ներկայացնելու համար ընտրվել էր այլ ձևաչափ: Մարզպետի բացման խոսքից հետո մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեսաֆիլմ էր պատրաստել՝ կադրերի ու պատկերային գրաֆիկայի տեսքով, որի միջոցով ըստ բնագավառների ներկայացվեցին նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացված աշխատանքները:

2014 թ. մարզում դրական ցուցանիշներ են գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում: Նախորդ տարվա ընթացքում պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ ավելի քան 4000 հեկտարով ընդարձակվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, ավելացել է գրեթե բոլոր մշակաբույսերի բերքատվությունը, ինչպես նաև անասնագլխաքանակը:

Մարզի համար կարևոր իրադարձություն է եղել Լոռու մարզի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը: Այս հարցում գործուն աջակցություն է ցուցաբերել ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը: Մարզի ՃԿԿ-ում այժմ աշխատելու հնարավորություն են ստացել նաև հաշմանդամություն ունեցող անձինք:

Նիստի ավարտին ելույթով հանդես եկավ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը, ով բարձր գնահատեց մարզում 2014 թ. կատարած աշխատանքները: Նախարարը նշեց, որ նոր ձևավորված նախարարության առջև բավական լուրջ խնդիրներ են դրված, որոնք համայնքների, մարզպետարանների, կառավարության, ինչպես նաև համայնքների բնակիչների ջանքերով փուլ առ փուլ լուծում կստանան: Նախարարը վստահեցրեց, որ պարբերաբար լինելու է համայնքներում և անձամբ է ծանոթանալու համայնքային խնդիրներին: <<Հանրապետության բոլոր համայնքներում խնդիրները գրեթե նույնն են: Կարծում եմ, որ այդ խնդիրներից կարելի է առանձնացնել հատկապես նոր աշխատատեղերի ստեղծումը՝ համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը բարելավելու համար, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի ապահովումը: Ես հորդորում եմ, որպեսզի թե քաղաքային, թե գյուղական համայնքների բնակիչները ակտիվ լինեն, իրենք ևս ներգրավվեն և աջակցեն մեզ` ծառացած խնդիրները հաղթահարելու համար>>:

Մարզխորհրդի նիստից հետո Ա. Երիցյանը Լոռու մարզպետի ուղեկցությամբ եղավ Վանաձորի՝ 2016 թ. շահագործման հանձնվելիք բժշկական կենտրոնում: Վանաձորում ներկայում գործող բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը հյուրերին ծանոթացրեց կառուցվող ԲԿ-ի շինարարական աշխատանքներին և տեղեկացրեց, որ այն կհամապատասխանի միջազգային ստանդարտներին: Բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքի կառուցումը կիրականացվի պետական միջոցներով: 2014 թ. այդ նպատակով պետբյուջեից շուրջ 600 մլն դրամ է հատկացվել: Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով կառուցվելիք հիվանդանոցի շինարարարական աշխատանքները՝ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց. <<Կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը կլինի հանրապետությունում լավագույններից մեկը>>:

← Վերադառնալ ցուցակին