Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարարի հետ իրենց մտահոգություններով կիսվեցին Վայոց ձորի և Արարատի սահմանամերձ գյուղերի բնակիչները

00:00 / 04.02.2015

 Շարունակվում են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցերը սահմանամերձ գյուղեր:
Այսօր Ա. Երիցյանն այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ (1022 բնակիչ, 255 տնտեսություն) գյուղը: Այցի նպատակն էր զրուցել գյուղի բնակիչների հետ՝ նրանց հուզող հարցերը, խնդիրներն իրենցից լսելու և դրանց լուծումներ տալու համար: Արենի – Խաչիկ ավտոճանապարհին նախարար Երիցյանը կանգ առավ՝ քարաթափման ենթակա վտանգավոր տեղամասում: Վայոց ձորի Մարզային Փրկարարական Վարչության պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց նախարարին ընթացիկ իրավիճակն ու իրականացված ուսումնասիրությունները: Ա. Երիցյանը հանձնարարականներ տվեց՝ պայթեցման ճանապարհով քարաթափման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Խաչիկ գյուղում Ա. Երիցյանին դիմավորեցին գյուղապետը և բնակիչները, վերջիններս նշեցին, որ ուրախ են նախարարի հետ իրենց հուզող հարցերը կիսելու և միասին լուծումներ գտնելու հնարավորության համար: Ողջունելով խաչիկցիներին՝ նախարար Երիցյանը նշեց, որ արդեն տեղյակ է սահմանամերձ գյուղում առկա խնդիրներին, սակայն ցանկանում է անձամբ զրուցել գյուղացիների հետ և լսել նրանց առաջարկները. «Անշուշտ, պետությունը կանգնած է գյուղացու կողքին, սակայն կան հարցեր, որ պետք է ձեզ հետ միասին քննարկենք, հասկանանք, ես ուզում եմ անձամբ ձեզանից լսել ձեզ հուզող հարցերի մասին, ինչպես նաև՝ ցանկանում եմ, որ միասին լուծման ուղիներ գտնենք: Պետք է այնպես անենք, որ գյուղացին լավ ապրի: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը զարգանա և երիտասարդները մնան իրենց հայրենի հողում»,-ասաց Ա. Երիցյանը:
Խաչիկցիների խոսքերով՝ գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, բնակարանաշինությունը, գյուղում աշխատատեղերի ստեղծման հարցը: Ոռոգման ջրի հարցի լուծումը, ըստ գյուղի բնակիչների, փոքրիկ դամբայի կառուցումն է: Նախարար Երիցյանը մի շարք հարցերի լուծման վերաբերյալ տեղում հանձնարարականներ տվեց՝ խոստանալով նաև ընթացք տալ երկարաժամկետ խորհրդակցության կարիք ունեցող հարցերին:
Հաջորդը Արարատի մարզի Սևակավան (804 բնակիչ, 145 տնտեսություն) և Երասխ (729 բնակիչ, 210 տնտեսություն)համայնքներ էին: Կիսելով իրենց խնդիրները նախարար Երիցյանի հետ՝ սևակավանցիները նշեցին, որ երիտասարդները մեծ մասամբ լքում են գյուղը, քանի որ հողագործությունը նրանց որևէ շահույթ չի բերում: Թշնամու գնդակոծությունների պատճառով գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հիմնական վարելահողը և վար ու ցանք անելու համար ստիպված են 10 կմ ճանապարհ կտրել: Ունեն նաև ջրի խնդիր, քանի որ ջրի խողովակները մաշված են, և ջուրը մինչ նպատակակետին հասնելը գոլորշիանում է: Շեշտելով գյուղացիների բարձրացրած հարցի կարևորությունը՝ ՏԿԱԻ նախարարն այն տեղում քննարկեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ, և առանձին քննարկում նշանակվեց՝ խնդրի լուծման մանրամասները քննարկելու համար:

Երասխ համայնքի բնակիչները նույնպես ոռոգման ջրի խնդիր ունեին, ինչպես նաև՝ գազիֆիկացման կարիք, մարզպետը զեկուցեց նախարարին, որ գազիֆիկացման խնդիրները լուծման ընթացքի մեջ են: Նախարար Երիցյանն այցելեց նաև Երասխի գինու գործարանը, որը սահմանագծին չափազանց մոտ գործող եզակի գործարաններից է և ունի 130 աշխատատեղ: Ա. Երիցյանը տեղում ծանոթացավ գործարանի առջև ծառացած խնդիրներին՝ հանձնարարելով ուսումնասիրել հարցն ու լուծման հնարավոր եղանակներ առաջարկել:

Վերադարձի ճանապարհին նախարարն այցելեց նաև ՀՀ ազգային արխիվի Արարատի և Արտաշատի ներկայացուցչությունները։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ից նախարար Երիցյանն այցելել է Տավուշի մարզի 16 սահմանամերձ գյուղ՝ Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար, Արծվաբերդ, Չինարի, Մովսես, Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Դովեղ, Վայոց ձորի մարզի 4 սահմանամերձ գյուղեր՝ Նոր Ազնաբերդ, Խնձորուտ, Սերս և Բարձրունի:

← Վերադառնալ ցուցակին