Նորություններ

Այցեր և ելույթներ

Արմեն Երիցյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում

00:00 / 24.01.2015

Հունվարի 23-ին, առավոտից մինչ ուշ երեկո, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում էր ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Այցելելով Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար, Արծվաբերդ համայնքներ, նախարարը զրուցեց գյուղապետերի հետ իսկ Չինարիում և Մովսեսում հանդիպեց նաև բնակչության հետ: Քննարկվեցին բնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր՝ սկսած հարկերից ու տուրքերից, վերջացրած բնակարանների սեփականաշնորհման, նոր ծնվող երեխաներին տրվող նպաստի, հրշեջ-փրկարարական հենակետերի, և, իհարկե, անվտանգության խնդիրներով: Արմեն Երիցյանն ընդգծեց, որ սահմանամերձ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են, և արվում է ամեն ինչ նրանց հուզող խնդիրներին լուծում տալու համար:

Հիշեցնենք՝

2014 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով սոցիալական աջակցություն է նախատեսվում ՀՀ 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Վերոհիշյալ համայնքներից 24-ը Տավուշի մարզում են. Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր: Աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք, մասնավորապես, հանդիսանում են այն համայնքները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի հանրապետության կողմից ենթարկվել են գնդակոծության: Աջակցությունը նախատեսվում է տրամադրել բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի, և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:

Որոշմամբ ՀՀ կառավարությունը 2015 թվականի համար նախատեսում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, իսկ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով: Աջակցություն նախատեսվում է տրամադրել նաև այն բաժանորդների համար, որոնք <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին 2015թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվելու է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:

Ոռոգման ջրի համար նախատեսված աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով:


Ամբողջությամբ փոխհատուցվելու է նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկը և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկը:

***

Հունվարի 15-ին ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, hիմք ընդունելով <<Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածը` ՀՀ կառավարությունը հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները, և կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով:
<<Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ>>,- եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:

 

← Վերադառնալ ցուցակին