Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ՏԿԱԻ նախարարի այցը Հայաստանի ազգային արխիվ

00:00 / 08.12.2014

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը այցելեց Հայաստանի ազգային արխիվի Երևանյան գլխավոր մասնաճյուղ: Այցի շրջանակներում նախարարը ծանոթացավ ՀՀ ազգային արխիվի Երևանյան մասնաճյուղի փաստաթղթերի պահպանման պահոցներին, արխիվի թվայնացման մեխանիզմներին, տեղեկատու որոնողական բազայի աշխատանքային սկզբունքներին, ինչպես նաև` սերվերային համակարգի գործունեությանը:

ՀՀ ազգային արխիվում առկա տեխնիկական վիճակին ծանոթանալուց հետո նախարար Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց արխիվի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ: Խորհրդակցության ընթացքում Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկայացրեց փաստաթղթերի արխիվացման, պահպանման և հետագայում դրանց կիրառման, ինչպես նաև` էլեկտրոնային շտեմարանի ստեղծման գործընթացը: Տնօրենը հատկապես նշեց, որ մեկ տարվա ընթացքում Ազգային արխիվը փաստաթղթեր է տրամադրել ավելի քան 30 000 քաղաքացիների: Ներկայացնելով Ազգային արխիվում առկա խնդիրները` Ա. Վիրաբյանը հատկապես շեշտեց նոր տեխնոլոգիաների ներդրման և առկա տեխնոլոգիաների արդիականացման խնդիրները: Տնօրենը նաև անդրադարձավ Ազգային արխիվի անձնակազմի աշխատավարձի բարձրացման խնդրին:

Ողջունելով ՀՀ ազգային արխիվի աշխատակազմին` նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց նորաստեղծ ՏԿԱԻ նախարարության ծառայություններն ու աշխատանքային մոտեցումները, ինչպես նաև` ուրվագծեց նախարարության կազմում Ազգային արխիվի գործունեության տեսլականն ու արդյունավետ համագործակցության ուղիները: Անդրադառնալով Ա. Վիրաբյանի բարձրաձայնած խնդիրներին` նախարար Երիցյանը նշեց, որ ՊՈԱԿ-ի աշխատանքը պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բարձրանան և աշխատանքային ցուցանիշները, և աշխատակիցների աշխատավարձերը: "Մենք միասին շատ անելիքներ ունենք",- ամփոփելով հանդիպումն ասաց Ա. Երիցյանը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

← Վերադառնալ ցուցակին