Նորություններ

Այցեր և ելույթներ

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցը Կոտայքի մարզ

17:01 / 23.06.2014

Մարզային այցելությունների սկիզբը

Հունիսի 23-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում: ԱԻ նախարարին ուղեկցում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, փրկարար ծառայության պետի տեղակալ գեներալ- մայոր Վրեժ Գաբրիելյանը և նախարարության այլ պատասխանատու աշխատակիցներ:

Արմեն Երիցյանի առաջին կանգառը Բալահովիտում էր, որտեղ տեղակայված է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը: Նախարարը շրջեց կենտրոնի ամբողջ տարածքում, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Շինությունների ներսում հիմնական նորոգումներն արդեն ավարտված էին, և ընթանում էին հարդարման վերջնական աշխատանքները: Արմեն Երիցյանը մի քանի դիտողություն ու նկատառում հայտնեց ընթացող աշխատանքների վերաբերյալ, իսկ շինարարության համար պատասխանատու անձինք խոստացան շատ արագ շտկել նկատված բացթողումները: ԱԻ նախարարը ընդհանուր առմամբ գոհ էր ընթացող աշխատանքներից: Հայ- ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը շուտով հագեցվելու է նորագույն տեխնիկական միջոցներով և, կենտրոնի տարածքի հսկողությունը ուժեղացնելու նպատակով, նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության տնօրենին հանձնարարեց տարածքի պահպանությունն իրականացնող ԱԻՆ աշխատակիցներին ապահովել համապատասխան զենքով:

Մարդասիրական կենտրոնի տարածքում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ իրականացնելու համար Արմեն Երիցյանը հանձնարարեց առաջիկա շաբաթ օրը անցկացնել շաբաթօրյակ, որին ԱԻ նախարարն անձամբ կմասնակցի:

Հաջորդ կանգառը Գառնիում էր, որտեղ նախարարը մեկ առ մեկ շրջեց դիտարանի նոր վերանորոգված եռահարկ շինության բոլոր սենյակներով և ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ամբողջությամբ վերանորոգված Գառնու դիտարանի շենքը լիովին պատրաստ է շահագործման: 

Այդ պահին Գառնու դիտարանում էին գտնվում Չեխիայի գիտությունների ակադեմիայի Երկրակեղևի կառուցվածքի և մեխանիկայի ինստիտուտի սեյսմոլոգիայի բաժնի գիտաշխատող դոկտորներ Պավել Կալենդան և Լիբոր Նոյմանը, որոնք դիտարանի թունելի սենյակներից մեկում, հայ մասնագետների հետ համատեղ, տեղադրել են նորագույն թվային թեքաչափ: Չեխ մասնագետները նախարար Երիցյանին ներկայացրեցին նոր տեղադրված և արդեն լիարժեք գործող թեքաչափի աշխատանքը: Նրանց հավաստմամբ, այս թվային թեքաչափը հազվագյուտներից մեկն է աշխարհում և հնարավորություն է տալիս բավական ճշգրիտ կանխատեսումներ կատարել հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին