Նորություններ

Այցեր և ելույթներ

Հարցազրույց

00:00 / 19.03.2014

Ա.Գիլոյանը համայնքների խոշորացման մասին

 Հայաստանում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեկնարկը կտրվի արդեն այս տարի` վեց համայնքներում: Նախնական ընտրվել է փնջային մոդելը, օրինակ` առաջիկայում Դիլիջանի հետ միավորման կգնան վեց գյուղական համայնքներ: Գործընթացի մեկնարկն այնքան էլ չեն ողջունում համայնքների ղեկավարները` պնդելով, որ այս բարեփոխումը կտանի դեպի համայնքների քայքայում, գործազրկության և վերջին հաշվով դրանց դատարկման: Այս և այլ խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցեց Տարածքային կառավարման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ:

-Պարոն Գիլոյան, համայնքների խոշորացման մասին վաղուց է խոսվում, բայց տեսանելի է, որ գոնե համայնքի ղեկավարների մակարդակով փորձ է արվում դրան դիմադրել: Ձեր կարծիքով, խնդիրն ինչում է, չե՞ն պատկերացնում իրավիճակն ամբողջությամբ, չե՞ն ուզում վերադառնալ հնին…

-Ես չէի ասի, որ խնդիրը նրանում է, որ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Այս բարեփոխման մասին իրազեկումը վաղուց ենք սկսել, դեռ 2008թ-ից, բայց համայնքի ղեկավարների հետ ավելի մոտ, ավելի մանրամասն քննարկումներ չենք արել: Կարծում եմ, երբ ծրագիրը նրանց ներկայացվի ամբողջովին, իր բոլոր դրույթներով ու հնարավոր արդյունքներով, ապա վերաբերմունքը կփոխվի: Բացի այս, դա նաև մեզ համար է կարևոր` լսել, հասկանալ նրանց փաստարկները, որովհետև այն մի քանի համայնքներում, որտեղ այս տարի փորձելու ենք պիլոտային իրագործել, դրանց ղեկավարների հետ երբ զրուցում ենք, որևէ խնդիր կամ ընդդիմություն նրանց կողմից չենք հանդիպում: Այդ համայնքի ղեկավարները պատրաստակամ են` հասկանալով, որ խոշորացումից միայն շահելու են, թե համայնքը, թե բնակիչը և որևէ խնդիր չկա:

Թեև իրավացի եք` համայնքի ղեկավարների կողմից քննադատություն հնչում է, թե այդ ճանապարհով համայնքները կքանդվեն, գործազրկություն կավելանա և այլն: Խնդիրը, կրկնում եմ, միայն նրանում է, որ նրանք այնքան էլ լավ ծանոթ չեն ծրագրին: Բացի այս չմոռանանք, որ գոյություն ունի նաև սուբյեկտիվ մոտեցում, չէ որ համայնքի ղեկավարները այդ դեպքում նաև լծակներ են կորցնում…

-Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ համայնքների խոշորացումը հնարավորություն կտա կանանց թվի ավելացման ՏԻՄ-երում: Ինչո՞վ եք դա պայմանավորում, չէ որ եթե այսօր 915 համայնքում ունենք ընդամենը 19 համայնքի կին ղեկավար, ապա ո՞րն է այն երաշխիքը, որ համայնքների թվի նվազումը կբերի կանանց թվի ավելացմանը:

-Մենք մտածում ենք, որ խոշորացման պարագայում, նախ, ավագանու մրցակցային հնարավորություններն են աճելու և ամեն բնակավայր աշխատելու է իր համայնքի ավելի խելացի, կայացած ներկայացուցչին, այսպես ասած, գործուղել խոշոր համայնքում որպես ավագանու ներկայացուցիչ: Իսկ քանի որ մենք ունենք բավականին պատրաստված, կրթված ու գրագետ կանայք, ապա ես կարծում եմ, որ նրանք շանս կունենան իրենց թիվն ավելացնելու: Իսկ ներկայումս առկա ավագանու համակարգը այդքան էլ արդյունավետ չի աշխատում, որովհետև հատկապես փոքր համայնքներում ավագանու անդամները «նշանակվում են» համայնքի ղեկավարի կողմից, նրանք էլ գալիս ընտրվում են ավագանի: Մրցակցություն ընդհանրապես չկա, իսկ խոշորացման պարագայում քանի որ արդեն մի քանի բնակավայր է միավորված լինելու, արդեն մրցակցության արդյունքում շանս կառաջանա, որ կանայք ավելի կգնահատվեն:

Բացի դրանից, ներդրվելու է նաև համամասնական սկզբունքը, երբ կանայք հնարավորություն կստանան ընտրվել նաև կուսակցական ցուցակներով, իսկ Ընտրական օրենսգրքով, հիշում եք, ունենք ամրագրված պարտադիր 20 տոկոսանոց քվոտա: Ի դեպ, մենք մտածում ենք նաև, որ հնարավորություն տանք համամասնական ցուցակ ներկայացնել նաև քաղաքացիական նախաձեռնություններին, իսկ սա ավելի լայն հնարավորություններ է ընձեռում: Ամեն դեպքում մտածում ենք, որ մրցակցայինի դեպքում կանանց շանսերը կավելանան:

-Կոնկրետ ի՞նչ քվոտաների մասին է խոսքը:

-Խոսքը նրա մասին է, որ համայնքների խոշորացումից հետո համայնքային ավագանիում ամեն բնակավայրից պարտադիր առնվազն մեկ ավագանու անդամ լինի, որպեսզի բնակավայրի շահերը պաշտպանի: Թե դա կին կլինի, թե տղամարդ արդեն ընտրությունը ցույց կտա…

-Պարոն Գիլոյան, բայց քվոտաների հետ կապված մենք ունենք խնդիր, երբ կուսակցական ցուցակում ապահովվում է կանանց 20 տոկոս մասնակցությունը, բայց այն ամենևին էլ չի նշանակում, որ ընտրության արդյունքում 20 տոկոսը պահպանվում է: Երբեմն ունենում ենք լրիվ ուրիշ պատկեր:

-Այո, համաձայն եմ և եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա ճիշտ եք` կանայք քիչ կլինեն ներկայացված: Բայց կարծում եմ, որ նոր զարգացումները, նաև մեր հետագա ուսումնասիրություններն ու աշխատանքը կբերեն նաև այդ խնդրի շտկմանը:

-Պարոն Գիլոյան, այսօր ունենք 915 համայնք, խոշորացման արդյունքում քանի՞ համայնք ենք ունենալու:

-916-ից 866-ը գյուղական համայնքներ են, բայց այսօր դժվար է ասել, թե քանի համայնք է վերջնական դառնալու այս բարեփոխման արդյունքում: Կարող եմ ասել միայն, որ նախատեսում ենք փնջային մոտեցման դեպքում Հայաստանում ունենալ շուրջ 250 համայնք: Թեև եթե կանգ առնենք շրջանային մոդելի վրա, ապա նույնիսկ ավելի քիչ` 55-56 համայնք:

-Բայց ո՞րն է, ըստ Ձեզ, ավելի նախընտրելի այսօրվա դրությամբ նախարարության համար:

-Կարծում եմ մեր երկրի համար ավելի նախընտրելի է փնջային մոտեցումը, այսինքն ոչ միանգամից, դանդաղ առաջ գնալով, որովհետև մեր երկիրը այդ ռեսուրսները չունի և ներդրումներ են հարկավոր գործընթացի ամբողջական լինելու համար: Դրա համար պետք է կամաց առաջ գնանք, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ ներդրումներով և այլն: Միայն այդ պարագայում մենք հաջողություն կունենանք:


Panorama.am

← Վերադառնալ ցուցակին