Նորություններ

Այցեր և ելույթներ

Հարցազրույց

00:00 / 23.01.2013

"Հանրային ծառայողների ազնվության ու բարեխղճության վրա է հիմնված համակարգը"

 

- Պարո՛ն Գևորգյան, ինչպիսի՞ գնահատական կտաք տեղական ինքնակառավարման համակարգի անցած ուղուն։

- Առիթներ ունեցել եմ ասելու և հիմա պետք է կրկնեմ, որ տեղական ինքնակառավարման համակարգն այսօր Հայաստանի Հանրապետությունում կայացել է։ Համակարգը կայացել է երկու առումով. նախ` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորման բոլոր գործընթացներն իրականացվում են, երկրորդ` այդ մարմիններին վերապահված գործառույթները կատարվում են։ Այլ խնդիր է, որ ՏԻՄ-երի մի մասի աշխատանքից մենք կարող ենք գոհ լինել, մյուս մասից` ոչ այնքան։ Սակայն դրանք բոլորը կայուն գործող և կենսունակ մարմիններ են։

Բնականաբար, համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու համար 18 տարին բա-վարար ժամանակ չէ։ Այդ ընթացքն ավելի շուտ կայացման, հեռանկարային զարգացման համար հիմքեր և մեխանիզմներ ստեղծելու ժամանակահատված է եղել։ Հետագա տարիների համար օրակարգային է ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը։ Մենք ձգտում ենք ունենալ ընդլայնված հնարավորություններով, մեծ պատասխանատվությամբ գործող ՏԻՄ-եր, որոնք նաև պատշաճ որակի հանրային ծառայություններ կապահովեն։ Այլ կերպ ասած` ՏԻՄ-երի աշխատանքը պետք է ավելի արդյունավետ լինի և նպատակաուղղված համայնքի բնակչության խնդիրների լուծմանը։

- Մեր հանրապետության 900-ից ավելի համայնքների զարգացման խնդիրը երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Այդ ուղղությամբ տարվող պետական քաղաքականությանը զուգահեռ իրականացվում են նաև միջազգային ու տեղական տարբեր կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրեր։ Այսուհանդերձ, այ¬սօր կարո՞ղ ենք ասել, որ համայնքները հասել են զարգացման որոշակի մակարդակի։

- Տարածքների համաչափ զարգացման խնդիրը կառավարության գերակա ուղղություններից է։ Մայրաքաղաքի և մարզերի միջև առկա տարբերությունը մեղմելու համար պետությունն իր ուշադրությունը բևեռել է մարզերի վրա, և այդ քաղաքականությունը հետագա տարիներին նույնպես շարունակվելու է։ Որպես օրինակ նշեմ, որ վերջին տարիներին ավելացել է մարզերում կատարվող կապիտալ ներդրումների ծավալը։ 2008 թվականին մարզերին է ուղղվել կապիտալ ներդրումների 12,6%-ը, 2009 թվակա¬նին` արդեն 31,6%-ը, 2010-ին` 40,1%-ը, 2011-ին` 45,1%-ը, իսկ 2012-ին՝ շուրջ 69,3 %-ը: Պետական ծրագրերով վերջին շրջանում միայն մարզերում ենք բացում վերանորոգված, ժամանակակից բուժտեխնիկայով համալրված հիվանդանոցներ։

Կցանկանայի առանձնացնել նաև մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագիրը։ 2011-ին եւ 2012-ին այդ նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից մարզերին հատկացվեց 40 մլրդ դրամ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի հանձնարարականով, քանի որ բազմաթիվ խնդիրներ էին բարձրացվել մարզեր կատարած այցելությունների ընթացքում։ Առաջին երեք ծրագրերը հաջողությամբ իրականացվել են։ Ներկայումս ընթացքի մեջ է 4-րդ ծրագիրը: Դրանք բավականին արդյունավետ են` համայնքների համար հրատապ նշանակություն ունեցող բազմաթիվ, թեև ոչ մեծ, խնդիրներ միանգամից լուծում են ստանում։ Մարզերից յուրաքանչյուրը ծրագրի միջոցներն օգտագործում է ըստ իր առաջնահերթությունների։

Այս և վերոնշյալ մյուս ծրագրերը, անշուշտ, տալիս են իրենց արդյունքը և հետագա զարգացման հնարավորություններ են ստեղծում։

Բացի այդ, դեռ 2011 թվականին Կառավարության հավանությանն արժանացավ Տա-րածքների համաչափ զարգացման հայեցակարգը, որի հիմքում բոլոր մարզերում կատարված ներդրումները գնահատելու մեթոդաբանությունն է։ Սա մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, որտեղ ենք մենք հետ մնում, որտեղ ոչ, և ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվենք։ Այդ մեթոդաբանության հիման վրա մենք կարողանում ենք ժամանակի մեջ որոշել ամենակարիքավոր համայնքները և դրանց նկատմամբ համապատասխան քաղաքականություն որդեգրել։

Տարբեր մեթոդներ կմշակվեն, տեղեկատվական բազաներ կձևավորվեն, որոնց վերլուծությունն արդեն կենթադրի համապատասխան նպատակային ծրագրերի իրականացում` ուղղված որոշակի տարածքների զարգացմանը։ 2012թ-ին մշակվեց եւ ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մոտեցումների և աղբյուրների վերաբերյալ առաջարկությունները: Այդ հիմնադրամի հիմնական նպատակներն են մարզերում իրականացվող կապիտալ ներդրումների ազդեցության մեծացումը` հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի համաչափ զարգացման եւ աղքատության կրճատման մակարդակը, տարբեր ֆինանսական կազմակերպությունների եւ դոնորների միջոցներով ծրագրերի համակարգված իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

- Կա՞ն այնպիսի խնդիրներ, որոնք համայնքների զարգացման առումով առաջնահերթ լուծման կարիք ունեն։

- Կան թե՛ ընդհանուր, թե՛ մարզային առանձնահատկություններով պայմանավորված առաջնահերթ խնդիրներ։ Որպես առաջնահերթ ընդհանուր խնդիր, որն առաջիկայում լինելու է Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում, ՏԻՄ-երի արդյունավետության և պատասխանատվության բարձրացման հարցն է։ Հա-մայնքների զարգացման գործում ավելորդ է խոսել ՏԻՄ-երի դերի մասին։ Հատկապես կարևոր է ներկայացուցչական մարմնի` ավագանու համար ավելի գործուն մեխանիզմների ստեղծումը։ Այդ ուղղությամբ վերջին շրջանում մի շարք կարևոր քայլեր են իրականացվել։ Մասնավորապես հաստատվել է ավագանու կանոնակարգը, որով վերջինիս աշխատանքների կազմակերպման ընթացակարգերն են հստակեցվում։ Կա-տարվել են օրենսդրական փոփոխություններ։ Անցած տարի մշակվել եւ կառավարությանն է ներկայացվել "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծը, որն, օրինակ, նպատակ ունի ընդլայնել ՏԻ մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, ինչպես նաեւ օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

Համայնքների զարգացման առումով մյուս կարևոր խնդիրը համայնքների սեփական եկամուտների ավելացումն է, ինչը հնարավորություն կտա տեղերում թեկուզ փոքր, սակայն համայնքների համար կենսական ծրագրեր իրականացնել։ Ուստի տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտների շարունակական աճի ապահովումը նույնպես մնում է Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում։
Մարզերի համար այսօրվա հիմնական խնդիրը շարունակում է մնալ գյուղատնտեսության արդյունավետությունը։ Գիտենք, որ վերջին շրջանում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական խնդիրների լուծմանը։
Ինչպես նշեցի, առանձնահատկություններով պայմանավորված` առկա են նաև տարբեր առաջնահերթ խնդիրներ։ Այս պարագայում փորձելու ենք տարածաշրջան առ տարածաշրջան բնակիչների համար բարեկեցիկ կյանքի հնարավորություններ ստեղծել։ Հենց այդ նպատակին է ուղղված նշածս "Տարածքների համաչափ զարգացման հայեցակարգը"։ Օրինակ՝ Տաթևի զարգացման ծրագրի իրագործումն արդեն իր դրական ազդեցությունն ունի տարածաշրջանի համայնքների վրա։ Սա իր հետևից բերում է նաև ենթակառուցվածքների զարգացում, բնակչության արտադրած գյուղմթերքի սպառման հնարավորություն։

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության աշխարհագրությունը բավական ընդարձակ է. նախարարություն-մարզպետարան-համայնքապետարան շղթա¬յում կա՞ արդյունավետ համագործակցություն։

- Առանց նշված շղթայի արդյունավետ համագործակցության պետությունը պարզապես չի կարող ապակենտրոնացված քաղաքականություն իրականացնել։ Սա թե՛ համայնքների, թե՛ Կառավարության համար կենսական անհրաժեշտության համագործակցություն է, և որքան արդյունավետ լինի այն, այնքան կշահեն համայնքները, ավելի որոշակի` համայնքների բնակիչները։ Առանց արդյունավետ գործող այս շղթայի, դժվար կլիներ կենսագործել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք։

Նախարարության և մարզպետարանների ու համայնքապետարանների միջև եղած կա-պը բազմակողմանի, օպերատիվ և համակարգված է։ Համագործակցությունն իրականացվում է տարբեր ուղղություններով` ծրագրերի իրագործում, օրենսդրական փոփոխությունների միջոցով գործող ինստիտուտների և մեխանիզմների կատարելագործում, ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծում։

Որպես օպերատիվ կապի օրինակ կարող եմ նշել այն, որ նախարարությունում ներդրված կենտրոնական գանձապետական համակարգի "Գործառնական օր" ծրագիրը թույլ է տալիս օրական կտրվածքով հետևել համայնքների եկամուտների հավաքագրմանը։ Ընդ որում` իրականացվում է ոչ միայն վերահսկողություն, այլև նկատված խնդիրները շտկելու համար պարբերաբար ցուցաբերվում է մեթոդական, մասնագիտական աջակցություն։

- Ինչպե՞ս եք գնահատում 2012 թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Նախ նշեմ, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին համաձայն նոր Ընտրական օրենսգրքի պահանջների եւ առաջին անգամ տեղի ունեցան համախմբված կերպով: Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին 815 համայնքում, որից 704-ում` համայնքի ղեկավարի, 751-ում` ավագանու: Համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացրած 704 համայնքից 146-ում կամ 21 տոկոսում ընտրվել են նոր համայնքապետեր: Այս ցուցանիշը բավական էական է, եւ կառավարման նման փոփոխությունները դրական եմ գանահատում ՏԻՄ համակարգի զարգացման առումով։

Այս տարի անցկացված ՏԻՄ ընտրություններն այլ առանձնահատկություններ եւս ունեին. նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` քաղաքական կուսակցություններին համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրման հնարավորություն էր ընձեռվել, եւ երկրորդը` խոշոր համայնքներում ավելացվել էր ավագանու անդամների թիվը, ինչը թույլ է տալիս համայնքի հիմնական կառավարման մարմինն ավելի ներկայացուցչական դարձնել:

Ընդհանուր առմամբ` բոլոր ընտրություններն անցել են նորմալ, հանգիստ մթնոլորտում, ինչն արտացոլվել է նաեւ դիտորդական առաքելություն իրականացրած եվրոպական մեր գործընկերների դրական գնահատականներում։

Չնայած արձանագրված առաջընթացին եւ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության դրական գնահատականներին, այնուամենայնիվ, դեռեւս կան խնդիրներ, որոնց ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, դրանցից է անցումային փուլում համայնքապետի գործողությունների նկատմամբ հանրային վստահության խնդիրը: Տարածքային կառավարման նախարարությունը, գործընկերների հետ աշխատանքներ է իրականացնելու` գտնելու այնպիսի լուծում, որը կբացառի համայնքի ղեկավարի կողմից վստահության տեսակետից կասկածներ առաջացնող գործողությունները:

- Դեռ 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ էր մտել "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքը, որի համաձայն՝ հանրային ծառայողներ են համարվում նաև համայնքային ծառայողները. այս նոր կարգավիճակը նոր շունչ կհաղորդի՞ համայնքային ծառայությանը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի հանրային ծառայողը։

- "Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենքի ընդունումից` 2005 թվականից ի վեր արդեն համայնքապետարանների աշխատակազմերը համալրվում են մասնագետ կադրերով` մրցութային կարգով։ Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ համայնքային ծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման համար։ "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքով, ըստ էության, պետական և համայնքային ծառայություններն ընդհանուր դաշտում են դիտարկվում։ Սա, կարծում եմ, խթան կհանդիսանա, որպեսզի համայնքային ծառայողներն առավել մեծ պատասխանատվությամբ մոտենան իրենց գործին։

Թե ինչպիսին պետք է լինի հանրային ծառայողը, օրենսդրության մեջ արդեն ամրագրված է։ Միայն կարող եմ ավելացնել, որ պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարելով առաջին հայացքից սովորական թվացող ամենօրյա պարտականությունները` յուրաքանչյուր հանրային ծառայող իր լուման է ներդնում համակարգի կայացման ու ամրապնդման գործում։ Հենց նրանց ազնվության ու բարեխղճության վրա է հիմնված համակարգը։

23.01.2013թ.
Հարցազրույցը` Լարիսա Հովհաննիսյանի


 

← Վերադառնալ ցուցակին