Նորություններ

Այցեր և ելույթներ

Հարցազրույց

00:00 / 02.01.2012

Համայնքների ամրապնդումն անհրաժեշտություն է. Տարածքային կառավարման նախարար

 

Պարոն Գեւորգյան, ըստ Ձեզ որքանո՞վ է տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում կայացած: Ի՞նչ տեղաշարժեր կան 2011 թ.:

Այս տարի նշում ենք տեղական ինքնակառավարման համակարգի (ՏԻՄ) ներդրման 15-ամյակը, եւ առիթներ եղել են խոսելու համակարգի կայացածության, զարգացման տեսլականի մասին: Կարող եմ միանշանակ ասել, որ համակարգը կայացել է: Բացի նրանից, որ կայացել է, վերջին տարիներին այն նաեւ ամբողջացել է. 2009թ-ին Երեւանում առաջին անգամ անցկացված ընտրությունների արդյունքում ձեւավորվեցին Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինները: Ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվում է տեղական ինքնակառավարում:

Համակարգը կայացել է երկու առումով. նախ` որ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված ՏԻՄ ձեւավորման բոլոր գործընթացները իրականացվում են, եւ երկրորդ` այդ մարմիններին վերապահված գործառույթները կատարվում են: Այլ խնդիր է, որ համայնքների մի մասի աշխատանքից մենք կարող ենք գոհ լինել, մյուս մասից` ոչ այնքան: Սակայն նրանք բոլորը կայուն գործող եւ կենսունակ մարմիններ են: Միաժամանակ` պետք է արձանագրել, որ նրանց գործունեության արդյունավետությունը բարձրացնելու առումով դեռ մեծ անելիքներ կան: Այդ խնդիրներն առաջիկա տարիներին ուշադրության կենտրոնում են լինելու, թեեւ վերջին տարիներին որոշակի աշխատանքներ կատարվել են այդ ուղղությամբ:

Այն, որ հաջողվել է ՏԻՄ-երի ուշադրությունը կենտրոնացնել տեղական խնդիրների լուծման վրա, թերեւս կարելի է համարել վերջին 3,5 տարիների ամենամեծ ձեռքբերումը: Առաջին հայացքից թվում է` բարդ հարց չէ, բայց խնդիրների լուծման համար նախեւառաջ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Այդ նպատակով վերջին տարիներին լուրջ քայլեր իրականացվեցին հարկային վարչարարության կատարելագործման ուղղությամբ: Հարցն օրենսդրորեն կարգավորված չէր. ստացվում էր, որ ՏԻՄ-երը չունեին տեղական հարկերի հավաքման գործառույթ, սակայն պատասխանատու էին իրենց բյուջեի կատարման համար: Հարցերի ողջ խումբը հաջողվեց աստիճանաբար լուծել: Հիմա տարեցտարի տեղական հարկերի հավաքագրման մակարդակն աճում է: Բացի այդ, սեփական միջոցներով նրանք կարողանում են թեկուզ փոքր ծրագրեր իրականացնել տեղերում: Օրինակ, 2010թ-ին համայնքներն իրենց սեփական եկամուտներից կապիտալ ծախսերի վրա կատարել են 8,5 մլրդ դրամի ներդրում, ինչը 2,5-3 միլիարդով գերազանցում է 2009-ի ցուցանիշը: Դա ինչ-որ տեղ նաեւ հոգեբանություն է փոխում:

Ինչ վերաբերում է տեղաշարժերին, ապա ինչ արվում է` առաջին հերթին ուղղված է համայնքներում կյանքի որակի բարելավմանը: Այս տարի կառավարությունն ընդունեց Տարածքների համաչափ զարգացման հայեցակարգը, որի հիմքում բոլոր մարզերում կատարված ներդրումները գնահատելու մեթոդաբանությունն է: Սա մեզ հնարավորություն է տալիս հասկանալ, որտեղ ենք մենք հետ մնում, որտեղ` ոչ, եւ ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվենք: Այդ մեթոդաբանության հիման վրա մենք կարողանում ենք ժամանակի մեջ որոշել ամենակարիքավոր համայնքները եւ դրանց նկատմամբ համապատասխան քաղաքականություն որդեգրել:

2011թ-ի համար կարեւոր կհամարեի մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագիրը: Գիտեք, որ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով մարզերին առաջին 10 մլրդ դրամը հատկացվեց փետրվարին, երկրորդ 10 մլրդ դրամը` սեպտեմբերին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի հանձնարարականով, քանի որ բազմաթիվ խնդիրներ էին բարձրացվել մարզեր կատարած այցելությունների ընթացքում: Ներկայումս իրականացվում է ծրագրի 2-րդ փուլը, որի արդյունքներով տարածքային կառավարման նախարարությունը հանդես կգա 3-րդ նմանատիպ ծրագիրն իրականացնելու առաջարկությամբ: Առաջին երկուսը բավականին արդյունավետ են`համայնքների համար հրատապ նշանակություն ունեցող բազմաթիվ, թեեւ ոչ մեծ խնդիրներ միանգամից լուծում են ստանում: Ծրագրի միջոցները մարզերից յուրաքանչյուրն օգտագործում է ըստ իր առաջնահերթությունների:

Ինչպե՞ս եք գնահատում համայնքների ավագանիների գործունեությունը` արդյոք ֆորմալիզացված չէ՞ նրանց դերակատարումը:

Ավագանու ինստիտուտը տեղական ինքնակառավարման համակարգի ամենակարեւոր բաղադրիչներից է: Այս ինստիտուտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ վերջին շրջանում մի շարք կարեւոր քայլեր իրականացվել են: Մասնավորապես` հաստատվել է ավագանու կանոնակարգը, որով վերջինիս աշխատանքների կազմակերպման ընթացակարգերն են հստակեցվում: Այս տարի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումով համայնքների ավագանիների կողմից պարտադիր քննարկվում են Վերահսկիչ պալատի եւ այլ մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքները: Նպատակն այն է, որ ավագանին տեղեկացված լինի գործընթացներից` հետագայում նույնատիպ սխալների կրկնություն թույլ չտալու համար, ինչպես նաեւ արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է հայտնել իր կարծիքը: Ներկայումս ԱԺ-ում է նույն օրենքում առաջարկվող փոփոխությունների մեկ այլ նախագիծ, որը հաշվի առնելով վերջին տարիների փորձը, որոշ փոփոխություններ է նախատեսում ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, որոշումների կայացման մեխանիզմներում` ուղղված դարձյալ ավագանու գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Իմ կարծիքով` ավագանու կենսունակությունը բարձրացնելու մեր մոդելը, այնուամենայնիվ, Երեւանի մոդելն է. երբ ավագանին ձեւավորվում է ոչ թե անհատական, այլ կուսակցական կարգով: Այդ դեպքում ինստիտուտը նաեւ քաղաքական պատասխանատվություն է ստանձնում:

Ի՞նչ ընթացքում է համայնքների խոշորացման ծրագիրը:

Նոյեմբերի 10-ի նիստում կառավարությունը հավանության արժանացրեց Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը: Դա մեզ հնարավորություն կտա խոշորացման տարբեր մոդելներ ուսումնասիրել եւ ձեւավորել: Արդեն որոշ մոդելներ միջազգային փորձագետների հետ մշակվել են Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համար: Հարկ է նշել, որ խոշորացման հարցը տարբեր կերպով է մեկնաբանվում, պատճառը հիմնականում այն է, որ չեն պատկերացնում ինչի մասին է խոսքը: Այստեղ խնդիրն ամենեւին բնակավայրերի միավորմանը չի վերաբերում, այլ բնակավայրերի վարչական գործառույթների միավորմանը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարչական ռեսուրսների համախմբումը թույլ կտա ավելի մեծ խնդիրներ լուծել, իսկ միասնական բյուջեն էլ հնարավորություն կտա ՏԻՄ-երին օրենքով չարգելված այլ միջոցներ ներգրավել, քանի որ միայն տեղական հարկերի միջոցով խնդիրները լուծել հնարավոր չէ: Ներկայումս համայնքների ֆինանսատնտեսական գործիքները շատ սահմանափակ են` տեղական մուտքեր, պետական դոտացիաներ: Այսինքն` միավորումը թույլ կտա ոչ միայն մեծացնել բյուջեի ծավալը, այլեւ լրացուցիչ միջոցներ ներգրավել:

Եվրոպական երկրները վերջին տասնամյակների ընթացքում արդեն երկրորդ անգամ են խոշորացում իրականացնում: Մենք ունենք 915 համայնք` 28 բնակիչ ունեցող համայնքից մինչեւ միլիոնանոց Երեւանը: Խոշորացման արդյունքում ոչինչ դեպի վատը չի փոխվելու: Ընդհակառակը` մարդիկ կտեսնեն, որ համայնքում ինչ-որ բան փոխվում է, առաջընթաց է նկատվում, որ ավագանու անդամը, որին նա ընտրել է, աշխատում է իր բնակավայրերի խնդիրների լուծման համար: Քիչ առաջ խոսում էինք ավագանու ինստիտուտի արդյունավետության մասին, կարծում եմ, եթե լինի մրցակցություն, գործընթացների վրա ազդելու իրական հնարավորություն, այդ դեպքում ավագանին ավելի արդյունավետ կաշխատի: Այս ամենը վերլուծված եւ արտացոլված է հայեցակարգում: Կարծում եմ` առաջիկա 1,5-2 տարվա ընթացքում պետք է հասարակության կարծիքի վրա աշխատել, քննարկումներ անցկացնել: Ինչքան խոշոր լինեն մեր համայնքները, այնքան տնտեսական առումով ուժեղ կլինեն, եւ այնտեղ ապրելն ավելի հարմարավետ կլինի: Համոզված եմ, որ այս բարեփոխումներն անհրաժեշտ են ՏԻՄ-երի զարգացման համար:

Ինչպե՞ս եք վերաբերում համայնքների ղեկավարների ընտրության ժամանակ կրթական ցենզի սահմանմանը:

Իսկապես, հանրային կարծիք կա ձեւավորված, թե ամենաճիշտ լուծումը ցենզի սահմանումն է: Սակայն, չմոռանանք, որ ունենք 915 համայնք, եւ երբեմն կարող են կադրային խնդիրներ առաջանալ: Համայնքի ղեկավարի պաշտոնն ընտրովի պաշտոն է, նա առաջնային մանդատ ունի, եւ պետք է նշել, որ միջազգային պրակտիկայում եւս նման ցենզի սահմանումն առանձնապես կիրառություն չունի: Ի վերջո, բնակիչն է ընտրում իր համայնքի ղեկավարին` հաշվի առնելով նրա կատարած աշխատանքը, ունակությունները, հմտությունները եւ այլն:

Այստեղ եւս խնդիրը «բախվում է» խոշորացման հետ, քանի որ այդ պարագայում մեծանալու են նաեւ կադրային հնարավորությունները:

Մարզպետարաններից որի՞ գործունեությունն եք համարում 2011 թ. առավել հաջողվածը:

Բոլոր մարզպետարաններն, ըստ էության, իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են: Այս տարին հատկապես կարեւոր է եղել վերը նշված` մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկու փուլերի իրականացումը: Մեծ ուշադրություն էր դարձվում նաեւ գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրներին, եւ կառավարության նախաձեռնած սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագիրը մարզերում հաջողությամբ իրականացվում է:

Ինչ վերաբերում է, թե որ մարզպետարանի գործունեությունն է առավել հաջողված, ապա այս տարի արդեն երրորդ անգամ պետական մարմինները` ի դեմս համապատասխան նախարարությունների, կգնահատեն մարզպետների գործունեությունը, որի արդյունքներով կարելի է ենթադրություն անել այդ մասին: Սակայն հաշվի առնելով անցյալ տարիների գնահատման արդյունքները, պետք է նկատեմ, որ նրանց գործունեության միջեւ տարբերություններն առանձնապես մեծ չեն:

02.01.2012 թ.


 

← Վերադառնալ ցուցակին