Նորություններ

Այցեր և ելույթներ

Հարցազրույց

00:00 / 16.11.2011

                               "Ակնհայտ են տասնամյա համակարգի ձեռքբերումները"

 

- Պարո՛ն Իսախանյան, մինչև Տարածքային կառավարման նախարարության ստեղծումը Դուք ՀՀ կառավարության կազմում համակարգում էիք տարածքային մարմինների աշխատանքը։ Այսօր ղեկավարում եք նախարարության աշխատակազմը։ Ի՞նչ խնդիրներ էին դրված Ձեր առջև այն ժամանակ և հիմա։
- Այո՛, ես ՀՀ կառավարությունում աշխատանքի եմ անցել 2001 թվականից։ ՀՀ Նախագահի հրամանագրով 2005 թվականի ապրիլին ստեղծվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, նույն տարվա հուլիսին նշանակվեցի ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2007 թվականից Տարածքային կառավարման նախարարի վրա դրվել են նաև փոխվարչապետի պարտականությունները։ Նախարարությունն իր գործունեությամբ սերտորեն կապված է մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նախարարության ստեղծումը կարևոր էր տեղական ինքնակառավարման մարմինների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Նախարարության ստեղծմամբ մեր առջև դրվեցին բավական շատ խնդիրներ` մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի քննարկումը և կառավարություն ներկայացնելը, տարածքային կառավարման, մարզային, համայնքային նպատակային ծրագրերի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը, ինչպես նաև համայնքային ծառայության համակարգի ներդրման խնդիրը, որի լուծմանն ուղղված գործընթացը, ըստ էության, մեկնարկեց նախարարության աշխատակազմի ձևավորմանը զուգընթաց։
2008 թվականին նոր կառավարության ձևավորման արդյունքում մի շարք կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան։ Այս պահին Տարածքային կառավարման նախարարության կազմում են Ջրային տնտեսության պետական կոմիտեն, Միգրացիոն պետական ծառայությունը և "Ազգային արխիվ" ՊՈԱԿ-ը։

- Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը բոլորել է իր գոյության 15 տարին։ Նշեք, խնդրեմ, այդ ժամանակահատվածի ամենակարևոր ձեռքբերումները։
- Պետական կառավարման ապակենտրոնացման արդյունքում ձևավորվում է տեղական ինքնակառավարման համակարգը, հստակեցվում է երկրի հանրային կառավարման համակարգը, վարչատարածքային բաժանումը, լիազորությունների բաշխումն ու փոխհարաբերությունները կառավարման տարբեր մակարդակների միջև և այլն։ 1996 թվականին տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից ի վեր կարևորագույն ձեռքբերումներից են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կայացումը, օրենսդրական անհրաժեշտ բազայի ձևավորումը, որը, ի դեպ, կրում է շարունակական բնույթ` ժամանակի հրամայականներով և ոլորտին ներկայացվող պահանջների փոփոխությամբ պայմանավորված։ 2009 թվականի մայիսի 31-ին կայացան Երևանի ավագանու առաջին ընտրությունները, որոնք առաջին անգամ Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում անցկացվեցին համամասնական սկզբունքով։ Այդպիսով Երևանը ստացավ համայնքի կարգավիճակ։
2009-2010թթ. իրականացվել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական հատվածի հողերի` համայնքներին հանձնելու գործընթացը, ինչի արդյունքում ավելացել են համայնքների տնտեսական և ռեսուրսային հնարավորությունները, և հատկապես կարևոր է այն, որ ի կատար է ածվել "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթը. այն է` տեղական ինքնակառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Կարևորում եմ նաև համայնքային ծառայության` իբրև հանրային ծառայության ինքնուրույն տեսակի, համակարգի ներդրումը։ Այսօր հանրապետության բոլոր 915 համայնքում, այդ թվում նաև` Երևանում, ամբողջապես իրականացվում են համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր գործընթացները։

- Տարածքային կառավարման նախարարությունը աշխարհագրական առումով քաղաքականություն է իրականացնում ողջ հանրապետության տարածքում։ Ձեր ունեցած կադրային բազան բավարարո՞ւմ է այդ քաղաքականությունն իրականացնելու, քաղծառայողների համար սահմանված գործառույթներն իրականացնելու համար։
- Ինչպես ճիշտ նկատեցիք, նախարարության գործունեության շրջանակն ընդգրկուն է, և կադրերի պակաս թերևս զգացվում է։ Սակայն դա փոխհատուցվում է` մասնագետների ընտրության հարցում խիստ պահանջներ ներկայացնելով, աշխատանքային ծրագրի արդյունավետ պլանավորմամբ և բաշխմամբ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ օպտիմալ համագործակցությամբ։
"Համայնքային ծառայության մասին" ՀՀ օրենքով Տարածքային կառավարման նախարարությանը վերապահված են գրեթե բոլոր այն լիազորությունները, որոնք իրականացնում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության բնագավառում։ Նախարարությունն իր կադրային ներուժով ապահովում է նշված լիազորությունների ամբողջական իրականացումը. այստեղ իրենց ուրույն մասնակցությունն ունեն նաև ՀՀ տարածքային կառավարման մարմինները` մարզպետարանները։

- Ի՞նչ խնդիրներ են դրված մեր համայնքների առջև, որոնց լուծումը պայմանավորված է նաև քաղաքացիական ծառայողների արդյունավետ աշխատանքով։
- Ըստ իս` կարևորագույն խնդիր է համայնքների կողմից ֆինանսական ռեսուրսների ճիշտ կառավարումը, և հենց այդտեղ է, որ նախարարության մասնագետների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացվում է պատշաճ ուշադրություն, տրամադրվում անհրաժեշտ խորհրդատվություն։ Բացի այդ, նախարարության կողմից պարբերաբար մշակվում և համայնքներին են տրամադրվում մեթոդական ուղեցույցներ, որոնց կիրառումը հնարավորություն է ընձեռում առավել արդյունավետ դարձնել բնակչությանը հանրային ծառայություններ մատուցելու գործընթացը։ Այդ խնդիրներից է նաև համայնքներում համայնքային ծառայության իրականացումը։ Համայնքային ծառայության պետական քաղաքականության մշակման և համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքների արդյունավետությունը նույնպես պայմանավորված է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների արդյունավետ աշխատանքով։

- Քաղաքացիական ծառայության համակարգը բոլորում է իր տասը տարին։ Ի՞նչ գնահատական կարող եք տալ համակարգի անցած ուղուն։ Նշեք, խնդրեմ, ձեռքբերումներն ու բացթողումները։
- Կարծում եմ` 10 տարին բավական չէ կատարյալ և անթերի համակարգ ստեղծելու համար, սակայն այս տարիների ընթացքում կան ակնհայտ ձեռքբերումներ։ Մասնավորապես պետք է նշել մրցույթների անցկացման գործընթացը։ Մրցույթների անաչառ անցկացման արդյունքում նախարարության աշխատակազմը համալրել ենք ժամանակին համահունչ մտածողությամբ և բանիմաց մասնագետներով։ Հարկ է նշել նաև կրտսեր մասնագետների մրցույթների անցկացման գործընթացը։
- Վերջին տարիներին պետական կառավարման ոլորտում կատարված փոփոխությունները` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, աշխատանքային ծրագրերը, աշխատանքի կատարողականի գնահատումը, ի՞նչ խնդիրների լուծմանը նպաստեցին, և աշխատակիցներն ինչպե՞ս ընդունեցին դրանք։

- Վերջին տարիներին պետական կառավարման ոլորտում կատարված կարևոր փոփոխություններից է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառումը ՀՀ գործադիր մարմիններում։
2008 թվականի օգոստոսից ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմում է առաջին անգամ ներդրվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը։ Այն հնարավորություն է տալիս, տնտեսելով աշխատաժամանակը և թուղթը, ավելի արդյունավետ դարձնել պետական մարմնի գործունեությունը։
«Mulberry» էլեկտրոնային համակարգով աշխատող մարմինների թվի ավելացմանը զուգընթաց բարձրացվեց միմյանց միջև փաստաթղթերի փոխանակումը էլեկտրոնային տարբերակով իրականացնելու խնդիրը, ինչը և այժմ կիրառվում է։ Պատկերացրեք, ինչքան ժամանակ էր պահանջվում` որևէ փաստաթուղթ փոստով ՀՀ Սյունիքի մարզ հասցնելու համար։ Իսկ այժմ այն հասնում է հաշված վայրկյանների ընթացքում։ Առավելություններն ակնհայտ են։
Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգն իր մեջ ներառում է նաև աշխատակիցների աշխատանքային ծրագրերը և կատարողականի գնահատումը։ Աշխատանքային ծրագրերը մուտքագրվում են համակարգ, և աշխատանքի կատարողականը գնահատվում է համակարգի միջոցով։
Աշխատանքային ծրագիր կազմելու նպատակը պետական մարմնի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող աշխատանքների կատարման ժամկետները հստակեցնելը, մարմնում առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանը և օգտագործմանը նպաստելը, աշխատանքների արդյունքն ակնառու դարձնելը, աշխատանքների կատարման որակը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող գործոնները բացահայտելն է։
Կատարողականների գնահատման նպատակը պետական մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացման ապահովումն է։
Կատարողականի գնահատման գործընթացն ուղղված է աշխատողների կողմից իրականացվող գործունեության արդյունավետության և նրանց կառավարչական հմտությունների գնահատմանը, աշխատողների ներուժի ճիշտ օգտագործմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու շահադրդմանը, ինչպես նաև աշխատանքները արդյունավետ տեղաբաշխելու և արդյունավետ կառավարում իրականացնելու գործընթացի բարելավմանը։ Կատարողականի գնահատումը ծառայում է աշխատողների խրախուսմանը (պարգևատրմանը), վերապատրաստման կարիքների բացահայտմանը, նպաստում է աշխատողների պաշտոնեական առաջխաղացմանը։
Ինչ խոսք, յուրաքանչյուր նորամուծություն միշտ ունենում է իր ընդդիմախոսները։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ "Mulberry" համակարգի կիրառումը նպաստում է պետական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

 - Ինչպիսի՞ն եք պատկերացնում քաղաքացիական ծառայության համակարգի հետագա զարգացումը։ Ունե՞ք առաջարկություններ, որոնք, Ձեր կարծիքով, կնպաստեն համակարգի կատարելագործմանը։
- Աշխատանքի կատարողականի գնահատման համակարգի ներդրումը լիովին կապված է քաղաքացիական ծառայողների ատեստավորման գործընթացի հետ։ Կատարողականի գնահատականը կարող է հիմք դառնալ քաղծառայողի ատեստավորման համար. չէ՞ որ քաղծառայողի աշխատանքի արդյունքը աշխատանքային ծրագրերն են, որոնց կատարման գնահատականը նա ստանում է յուրաքանչյուր կիսամյակ։ Առաջարկում եմ դրական գնահատականի դեպքում անցկացնել միայն փաստաթղթային ատեստավորում, իսկ բացասական գնահատականի դեպքում` 75 տոկոսից ցածր, ատեստավորումն անցկացնել թեստավորման և հարցազրույցի միջոցով։
Նկատի ունենալով "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքը` կարծում եմ, որ առաջիկայում նպատակահարմար կլինի քննարկել հանրային ծառայության առանձին տեսակների` քաղաքացիական և համայնքային ծառայությունների փոխկապվածության շրջանակի ընդլայնման հարցը, մասնավորապես` հանրային ծառայողների ռոտացիա նախատեսել քաղաքացիական ծառայություն իրականացնող մարմիններից համայնքային ծառայություն իրականացնող մարմիններ ու հակառակը և այլն։
Մյուս առաջարկությունս վերաբերում է կադրերի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանը։
Ըստ իս` յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է փոփոխություն կատարվի վերապատրաստման ծրագրերում. չէ՞ որ յուրաքանչյուր փոփոխություն օրենսդրական դաշտում իր հետ բերում է նոր խնդիրներ և պահանջում դրանց տալ նոր լուծումներ։

- Քաղաքացիական ծառայողի կամ ընդհանրապես պետական պաշտոնյայի նկարագիրը` որպես պետության ներկայացուցիչ. ինչպիսի՞ն է այն իրականում և ինչպիսի՞ն պետք է լինի` Ձեր պատկերացմամբ։
- Քաղաքացիական ծառայողը կամ ընդհանրապես պետական պաշտոնյան` որպես պետության ներկայացուցիչ, պետք է լինի կրթված, բանիմաց, անթերի տիրապետի պետական լեզվին, ինչպես նաև հստակ իմանա իր լիազորություններն և պարտականությունները։ Պետք է գիտակցի, որ որպես պաշտոնյա կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենսդրությամբ, իսկ մեկ այլ տեսանկյունից պետք է օժտված լինի մարդկային բարձր հատկանիշներով, որպեսզի ճիշտ մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ, ինչը զգալիորեն կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ`
ԱՆՈՒՇ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ

← Վերադառնալ ցուցակին