‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ

Պատմական ակնարկ

Սպիտակի 1988 թ. երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանի սեյսմապաշտպանական համակարգը թերի էր: Պետությունը և ազգաբնակչությունը անպատրաստ էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժին, թեև գաղտնիք չէր, որ ուժեղ երկրաշարժեր Հայաստանում եղել են և կլինեն: Կային բազմաթիվ սխալներ և բացթողումներ սեյսմիկ պաշտպանության գրեթը բոլոր ոլորտներում:

1991 թ. հուլիսի 17-ին Հայաստանի ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 462 որոշմամբ, Սերգեյ Բալասանյանի, Վարդան Ամիրբեկյանի և մյուսների ջանքերով, ստեղծվեց ՀՀ Կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՀՀ ՍՊԱԾ): Գերատեսչությունը կազմակերպելու էր ազգաբնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը: Շատ կարճ ժամանակամիջոցում ՀՀ ՍՊԱԾ-ը հասավ բարձր արդյունքների՝ ճանաչվեց տարածաշրջանում այս ոլորտի առաջատարը: Հայաստանում սեյսմիկ պաշտպանության համակարգի կազմակերպման փորձն արժանացավ ՄԱԿ-ի – ՍԱՍԱԿԱՎԱ-ի «Վտանգի նվազեցման և աղետների կանխման գործում ակնառու ներդրման համար» հատուկ մրցանակին, որը 1998թ. հոկտեմբերի 4-ին Ժնևի Ազգերի պալատում հանձնվել է ՀՀ ՍՊԱԾ-ին:

1999թ. ընդունվեց ՀՀ ՍՊԱԾ-ի կողմից կազմված՝ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերը, իսկ 2002թ.՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, իսկ 2010թ. օգոստոսի 28-ին՝ ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությունը:

ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր նպատակը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, այսինքն` բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած՝ պետության տնտեսական և սոցիալական կորուստների նվազեցումը:

Այսօր ՀՀ ՍՊԱԾ-ը ոչ միայն ազգային, այլև խոշոր միջազգային կենտրոն է: Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ ՍՊԱԾ-ը 2001թ. աշխարհի առաջատար ծառայությունների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Հունաստանի, Իրանի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Ճապոնիայի և այլ երկրների հետ կնքել է բազմաթիվ միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր:

2001թ. փետրվարին Հնդկաստանի Հուջարաթ նահանգի ավերիչ երկրաշարժից հետո, ՀՀ կառավարությունը Հնդկաստան ուղարկեց ՀՀ ՍՊԱԾ-ի արագ արձագանքման ուժերից հավաքագրված, հանդերձավորված, բազմապրոֆիլային ջոկատ, որը բաղկացած էր սեյսմոլոգներից, երկրաբաններից, սեյսմակայուն շինարարության և հաղորդակցության ճարտարագետներից, հոգեբանից, բնակչության հետ տարվող աշխատանքների հրահանգչից, բժիշկներից և փրկարարներից: Նրանց գործողությունները բարձր գնահատվեցին Հնդկաստանի կառավարության և Հուջարաթ նահանգի վարչակազմի կողմից:

ՀՀ ՍՊԱԾ-ի արագ արձագանքման ուժերը մտել են միջազգային կազմավորումների կազմի մեջ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո:

Ազգային բազմապարամետրային դիտացանցը բաղկացած է ավելի քան 150 կայաններից, որոնք ինտեգրված են տարածաշրջանային և համաշխարհային ցանցերի մեջ:

2002թ. ՀՀ ՍՊԱԾ-ն ընգրկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ-ի կազմում:

2005 թ. ՍՊԱԾ-ն ընգրկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում:

2008 թ. ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և «ՍՊԱԾ» գործակալությունն իր չորս ՊՈԱԿ-ներով ընդգրկվել է նորաստեղծ նախարարության կազմում:

ՀՀ Նախագահի 2014 թ. դեկտեմբերի 1-ի ՆՀ-602-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել, միացվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, որն էլ վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության:

ՀՀ Նախագահի 2016 թ. փետրվարի 24-ի ՆՀ-196-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:

ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15–ի N672–Ն որոշմամբ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացվել են «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և վերանվանվել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի, իսկ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի 1507–Ն որոշմամբ լուծարվել է «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը: