Հատուկ լեռնափրկարար ծառայություն ՓԲԸ

Պատմական ակնարկ

Հանրապետության լեռնահանքային արդյունաբերությունում ստորգետնյա եղանակով օգտակար հանածոների արդյունահանումը պայմանավորված է աշխատանքների կատարման յուրահատուկ պայմաններով` հանքահորերի մեծ խորությամբ, մակերևույթի հետ կապի խիստ սահմանափակ ճանապարհներով, լեռնային ճնշման ազդեցության և ստորգետնյա փորվածքների բարդ ցանցում գտնվող աշխատատեղերում մշտական թարմ օդի մատակարարման անհրաժեշտությամբ: Այս բարդ արտադրական պայմաններում առանձնապես կարևոր նշանակություն ունի լեռնահանքային աշխատողների անվտանգության և վթարների դեպքում ժամանակին առաջին օգնության ցուցաբերման ապահովումը:

1971 թ. ԽՍՀՄ մինիստրների խորհրդին կից արդյունաբերությունում և հանքերում անվտանգ աշխատանքների կատարման և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող Պետական Կոմիտեի «Հանքային, ոչ հանքային և ցրոնային հանքավայրերի ստորգետնյա եղանակով մշակման ժամանակ անվտանգության միասնական կանոնների» համաձայն և 2009 թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ-ում ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը, համաձայն որի բոլոր ստորգետնյա հանքավայրերը կառուցման և շահագործման ընթացքում պարտադիր կարգով պետք է սպասարկվեն լեռնափրկարար ծառայությունների կողմից:

Հայաստանում առաջին ռազմականացված լեռնափրկարար ստորաբաժանումները ստեղծվել են 1934 թ. Կապանում և Շամլուղ ավանում գտնվող հանքերում` ստորգետնյա աշխատանքների սպասարկման նպատակով:
1964 թ. ստեղծվում է Հայաստանի Ռազմականացված լեռնափրկարարների շտաբը, Երևանում տեղակայմամբ` Ժողտնտխորհի անմիջական ենթակայության տակ:

Ժողտնտխորհի կազմալուծման հետևանքով 1966 թ. «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբը» իր ստորաբաժանումներով 1967 թ. հունվարի 1-ից անցնում է ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի նախարարության ենթակայության տակ:

1968 թ. Հայաստանի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբը» վերանվանվում է Անդրկովկասի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի Շտաբի», որի ենթակայության տակ են անցնում Անդրկովկասի երեք հանրապետությունների ստորգետնյա հանքերը սպասարկող բոլոր լեռնափրկարար ստորաբաժանումները:

1969 թ. Հյուսիսային Կովկասի (ք. Օրջոնիկիձե) և Անդրկովկասի շտաբները միավորվում են որպես Կովկասի «Ռազմականացված Լեռնափրկարար Զորամասերի Շտաբ», իսկ Երևանում տեղակայված շտաբը, Անդրկովկասի երեք հանրապետություններից բացի, ղեկավարում է նաև Հյուսիսային Կովկասի (Հյուսիսային ու Հարավային Օսեթիաները, Կարաչաևո-Չերկեսիա, Կաբարդինո-Բալկարիա), Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի ստորգետնյա աշխատանքները սպասարկող ռազմականացված լեռնափրկարար զորամասերի գործունեությունը:

1991 թ. Կովկասի «Ռազմականացված լեռնափրկարար զորամասերի շտաբը» անցնում է ՀՀ արդյունաբերության նախարարությանը՝ ՓԲ Ընկերության կարգավիճակով, որը ՀՀ Կառավարության որոշմամբ 2005 թվականի հուլիսի 21-ից վերակազմավորվել է,,Հատուկ լեռնափրկարար ծառայություն,, ՓԲ ընկերության:

2005 թ. ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը, այնուհետև` Հայաստանի փրկարար ծառայությանը, իսկ 2010-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

ՀՀ Նախագահի 2014 թ. դեկտեմբերի 1-ի ՆՀ-602-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել, միացվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, որն էլ վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության:

ՀՀ Նախագահի 2016 թ. փետրվարի 24-ի ՆՀ-196-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության: