Փրկարար ծառայություն

Հիմնական գործառույթներ

 ա) իր իրավասության սահմաններում oրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի մշակում.
բ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման պետական ծրագրերի համակարգման կազմակերպում.
գ) ՀՀ վարչապետին քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.
դ) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումներին`ՀՀ պաշտպանության նախարարության եւ ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում` ըստ փոխգործողությունների պլանների.
ե) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների եւ արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում ու այդ նպատակով հատկացված նյութական եւ ֆինանսական միջոցների նպատակային oգտագործման կազմակերպում.
զ) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում եւ համակարգում.
է) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկային հաշվառում ու ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.
ը) կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ստորաբաժանումների ստեղծում` կազմակերպությունների ներկայացմամբ եւ դրանց համալրման նորմատիվների հաստատում.
թ) իր իրավասության սահմաններում` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.
ժ) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակման մասնակցություն.
ի) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը եւ նպատակային օգտագործմանը մասնակցություն.
լ) կազմակերպություններին հակահրդեհային պահպանության եւ հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում: