Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Արշավ դեպի Գորիս. ալպիական մանուշակի հայրենիք

17:10 / 16.10.2019

Հոկտեմբերի 12-ին, ԱԻՆ աշխատակիցների արշավախումբը պատրաստ էր հերթական էքսկուրսիային: Երկօրյա ուղևորությունը սկսվեց Երևանից դեպի Խոր Վիրապ, որը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառի, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝ միջնաբերդի տեղում: Այժմ՝ ՀՀ Արարատի մարզ: Հայոց նվիրական սրբավայրերից, հանրահայտ ուխտատեղի…

Խոր վիրապի պատմությունն ամեն անգամ լսելիս, ամեն անգամ, կրկին ու կրկին սերտորեն առնչվում ես Հայոց դարձի, քրիստոնեա Հայաստանի կրոնի, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ, դառնում ժամանակի կրողը, ու պտտվում է պատմության անիվը…թե ինչպես է Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: V դ. վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: XIII դարից Խոր Վիրապը, համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն:

Արշավախմբի 2-րդ կանգառը. Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատուն գյուղում է՝ մեծանուն գրողի տուն-թանգարանում՝ կառուցված նրա հայրենի տան կողքին, որտեղ պահպանվել են պոետի անձնական իրերը: Թանգարանը բացվել է Սևակի ողբերգական մահվան տասնամյա տարելիցի օրը՝ 1981 թվականի հունիսի 17-ին, իսկ կառուցումը սկսվել է նրա մահվանից մեկ տարի անց: Թանգարանում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ: Պարույր Սևակի տուն-թանգարանի բակում գրողի գերեզմանն է: Սևակի ձեռքերով մշակված այգու կենտրոնում՝ հայրական ծիրանենու տակ, համաձայն բանաստեղծի բանավոր կտակի, հուղարկավորված է ինքը՝ կնոջ՝ Նելլի Մենաղարիշվիլու հետ…Եվ կամա, թե՝ ակամա, հնչեցին Սևակի բանաստեղծություններից…արշավախմբից էր:

Արշավախմբի 3-րդ կանգառը.
Քարահունջ-Գորիս: Գորիսը հիմնադրվել է 1870թ.-ին՝ որպես Զանգեզուր գավառի կենտրոն։ Գորիսը գտնվում է Սյունիքի մարզում, մոտ 70 կմ հեռավորության վրա մարզկենտրոն Կապանից: Քաղաքը տեղակայված է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին: Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից: Մարդն այստեղ բնակություն է հաստատել քարեդարյան շրջանում։ 1980-ական թվականների սկզբին այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բարձրարժեք բրոնզյա իրեր՝ կանացի զարդեղեն, դաշույն, տեգ, հմայիլներ, ամանեղեն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են մ.թ.ա. III-II դարերին, ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր մշակույթի և կենցաղի մասին: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձեւ ժայռերը: Շնորհիվ իր բնության արտառոցության` Գորիսը համարվում է Զանգեզուրի գեղեցկուհին: Յուրահատուկ է նաև Գորիսի ճարտարապետական ոճը: Դեպի երկինք բարձրացող լեռներն ու անդնդախոր ձորերով հոսող գետերը, գեղեցիկ բնությունն ու հայկական վանքերն ու եկեղեցիները, ալպյան դաշտավայրերը արշավախմբի անդամներիս տարան դեպի Գորիս, հազար տարվա անցյալով Տաթևի վանք, Որոտանի վրա բնության «կառուցած» Սատանայի կամուրջ, Շաքիի ջրվեժ, Քարահունջ:

Արշավախմբի 4-րդ կանգառը. Ակսել Բակունցի տուն-թանգարան, Արենի: Տուն-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցը: Անխաթար վիճակում են պահպանվել հուշային սենյակները` գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով:

Արևոտ լուսաբաց էր: Մեր արշավախումբը երբ մտավ Բակունցի տուն-թանգարանի բակ՝ փարթամ պտղատու ծառերով ու ծաղիկներվ, զգացինք Բակունցի շունչը, ու թվաց թե տեսանք … ինչպես բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր