Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Ուխտագնացություն պապերի բնօրրան Ջավախք աշխարհ. հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից

11:09 / 06.10.2019

Գոյություն ունի մի ուժ, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին՝ հոգով, մտքով և արյունով: Դա ազգային սերն է , և ով չի ճանաչում, չի կարող ճշմարիտ սիրել այն:

Արդարև, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից…

Տոգորված հայրենաճանաչության վեհ զգացումով՝ ԱԻՆ աշխատակիցներով, սեպտեմբերի 28-ի այգաբացին Արհկոմի նախագահ Լ. Մելիքյանի ղեկավարությամբ, ուղևորվեցինք Երևանից դեպի Ջավախք: Երկօրյա ուղևորության նպատակն էր հնարավորինս լավ ճանաչել պանդխտացած հայրենի եզերքի ներկա վիճակը և առկա մարտահրավերները: Ջավախքը հայությանը հայտնի է նաև իր հանճարեղ և տաղանդաշատ զավակներով , որոնց թվում են մեծանուն գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Օկրո Օկրոյանը, աշուղական արվեստի կարկառուն ներկայացուցիչներ Ջիվանին ու Հավասին, անգերազանցելի գեղանկարի վարպետ Վարդկես Սուրենյանցը, ճարտարապետ, հասարակական-քաղաքական գործիչ Հովհաննես Քաջազնունին, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու կարդինալ Գ.Աղաջանյանը, և մերօրյա ականավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ինչպես նաև շատ ու շատ այլ երևելիներ:

Հայոց պատմության հոլովույթում Ջավախքը ՝ պատմական Հայաստանի Գուգարաց նահանգը, ունեցել է և այսօր էլ հայության կյանքում ունի իր կարևոր դե¬րը և նշանակությունը: Ջավախքի կենսունակության գրավականը ուծացման դեմ մշտապես պայքար մղելն է: Ազգային ինքնագիտակցության ոգին և հայապահպանության գաղափարը վահան դարձնելով իր ինքնությունը խարխլող երեույթների դեմ ՝ վիրահայոց թեմը, թեմական առաջնորդի՝ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հովվապետությամբ՝ շարունակում է նախնիների նվիրապետական սուրբ գործը:

Ուխտագնացության առաջին կանգառը Ախլքալակի առաջնորդանիստ Սուրբ Խաչ եկեղեցին էր, որտեղ պատահականության բերումով հանդիպեցինք թեմական առաջնորդին, ստանալով առաջնորդի հովվական օրհնանքը , ծանոթացանք եկեղեցու պատմությանը, այնուհետև աղոթքով և մոմավառությամբ հրաժեշտ տվեցինք:

Սակայն, նաև անակնկալի արժանացանք թեմական առաջնորդի կողմից. առաջնորդարանում՝ թեյի սեղանի շուրջ, ավելի մտերմիկ զրույց տեղի ունեցավ, Գերաշնորհ Հայր Սուրբը իր ջերմ հյուրասիրությամբ ուխտավորներիս պարուրեց հովվական լավատեսությամբ ու սիրով, գոհունակության զգացմամբ հրաժեշտ տվեցինք սիրելի դարձած Հայր Սուրբին և շարունակեցինք մեր երթուղին:

Ճանապարհը, որով ընթանում էինք, ձգվում էր գեղատեսիլ Փարվանա գետի եզերքով:

Հասանք Թամարա թագուհու բերդ. վեհաշուք էր բերդը. հիացական տպավորություններով բարձրացանք բերդի աշտարակ, զմայլվեցինք պատմաճարտարապետական հոյակերտ հորինվածքով, մի շարք լուսանկարներ առհավատչյա թողնելով՝ շարունակեցինք մեր հայրենի եզերքի ծանոթությունը:

Ճանապարհի եզրից նշմարեցինք Թմբկա առասպելական բերդը, կանգ առանք, լուսանկարեցինք հեռվից հեռու, ինչպես նաև հպարտության վեհ զգացմամբ խմբովի ասմունքեցինք Հ.Թումանյանի <<Թմբկաբերդի առումը>> նախերգանքը և զվարթասիրտ շարունակեցինք ճանապարհը գեղատեսիլ Վարձիա–Վանիս, Քվաբեբի վանական համալիր: Էքսկուրսավարը մանրամասն ծանոթացրեց ժայռափոր այդ հոյակերտ քարայրի պատմությանը, բարձունքը հաղթահարելով՝ հասանք մինչև վիմափոր Քվաբեբի վանական համալիր, հիացանք միջնադարյան որմնանկարների առատությամբ և մի շարք դրվագներ անմահացնելով՝ հրաժեշտ տվեցինք երբեմնի հզոր պաշտպանական համալիրին:

Գերհոգնած ու քաղցած կանգ առանք վրացական համադամ խորտիկներով հարուստ ճաշարանում, վայելեցինք ազգային խոհանոցի բարիքներիը և շարունակեցինք ճանապարհը դեպի քաղաք Ախլցխա: Գիշերակացը Ախլցխայի Ռաբաթ ամրոցին հարող հյուրատանը եղավ: Հոգնաբեկ քուն մտանք…

Հաջորդ առավոտ խմբովի նախաճաշեցինք նույն հյուրատանը և շարժվեցինք դեպի Ռաբաթ ամրոց: Թուրքական այդ հայակերտ ամրոցը կառուցվել էր 12-13-րդ դարերի ընթացքում, և մեր օրերում վերակառուցվելով ՝ պահպանել էր երբեմնի շքեղությունը, և այդ ամենի առհավատչյան օտարերկրյա զբոսաշրջիկների առկայությունն էր նաև:

Այցելուներիս ամենից շատ հիացրեց ամրոցի նախամուտքում զետեղված մեծանուն շանսոն Շառլ Ազնավուրյանի փառքի աստղը:

Անօրինակ զգացումներով շարունակեցինք ճանապարհը դեպի մեծանուն գրող Վահան Տերյանի բնօրրան՝ Գանձակ, որտեղ 1885 թվականին ծնվել և մանկության յոթ տարիներն էր անցկացրել քաղաքային պոեզիայի հիմնադիրը, հասարակական-քաղաքական գործիչ, անզուգական սիրո և միգասքող աշնան երգիչը:

Տերյանական շնչով առլեցուն Գանձան մենք տեսանք ոսկեհանդերձ ու տխուրաչյա:

Պահը Տերյանական էր… կարծեք ժամանակը կանգ էր առել Տերյանով, որքան թախիծ ու ափսոսանք կար, որքան մեգ ու մշուշ, ուքան կարոտ ու սեր … <<Կարծես թե դարձել եմ ես տուն, Բոլորն առաջվանն է կրկին…>>:

Տերյանական շնչով առլեցուն տուն- թանգարանում, կարծեք ժամանակը կանգ էր առել, անչափելի հուզական ու եթերային էր մթնոլորտը:

Ծանոթանալով տուն-թանգարանում պահպանվող ոչ այնքան հարուստ թանգարանային նմուշներին՝ հրաժեշտ տվեցինք գողտրիկ եզերքին:

Այնուհետև տուն-թանգարանի հարևանությամբ գործող Կաթողիկե եկեղեցում, որը, ի դեպ, կառուցել է Վահան Տերյանի լուսահոգի մեծ հայրը 1859 թվականին, աղոթք հղեցինք առ Աստված և մոմավառությամբ ավարտեցինք գանձակյան ուղևորությունը:

Վաղ մայրամուտին հասանք բարձրագահ Աբուլ ու մթին սարերի եզերքում փռված Փարվանա լճին: Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Զմայլվեցինք բնաշխարհով, ցնծության և տրտմության զգացումները միահյուսած, մեր հայրենի տանը իբրև զբոսաշրջիկ՝ մի շարք պահեր անմահացրեցինք, որ հպարտորեն պատմենք բոլոր նրանց, ովքեր դեռ չեն եղել և չեն ճանաչելել ծով աչքերով հայրենի Ջավախքը, ովքեր չեն տեսել հայկական լեռնաշխարհի անբիծ, արծվի նմնան ծիծղուն, կապուտակ երկնքի ծոցում նստած սեգ սարերի արծվասիրտ հայրենապաշտ ու հայրենասեր հայորդիներին, որոնց հայրենապաշտ լինելիության շնորհիվ է, որ անառիկ է Հայաստանի հյուսիսային դարպասը…

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր