Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Օրը Թումանյանական էր…

11:06 / 03.07.2019

Հունիսի 29-ին ԱԻՆ աշխատակիցները ուղևորվեցին դեպի Լոռվա գեղատեսիլ Դսեղ՝ Մեծն Թումանյանի տուն-թանգարան: Առաջին կանգառը միջնադարյան նշանավոր Սաղմոսավանք վանական համալիրն էր, որը գտնվում էր Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր, գեղատեսիլ հատվածում: Սաղմոսավանքը աշխարհում միակ վանքն է, որում հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական համալիրը հրաշալի ակուստիկա ուներ:

Վանական համալիրի պատմությանն ու պատմական ակունքներին ծանոթանալուց հետո փոքր ինչ դադար առանք, նախաճաշեցինք, այնուհետև ԱԻՆ թանգարանի տնօրեն Հայկ Գալստյանի կիթառի հոգեպարար հնչյունների ներքո շարունակեցինք ճանապարհը դեպի Լոռի՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել, մանկությունն ու պատանեկությունն էր անցկացրել մեծանուն բանաստեղծը։

Ծանոթանալով թանգարանի հոգևոր-մշակութային հարուստ նմուշներին՝ մասնակիցները լիակատար պատկերացում կազմեցին մեծ հայի ազնվական ծագման և լոռվա յուրօրինակ կենցաղվարության մասին:

Թանգարանում պատահականության բերումով հանդիպեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ տիկին Զարուհի Բաթոյանին: Անմիջական շփման արդյունքում Արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը առաջարկեց տիկին նախարարին նմանօրինակ համատեղ շրջայցեր կազմակերպել ԱԻՆ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների համար: Առաջարկն ընդունվեց ոգևորությամբ:

Էքսկուրսիայի մասնակիցների հաջորդ կանգառը եղավ Դիլիջանի ճանապարհին գտնվող «Կեչիներ» հանգստյան գոտում և Հայկ Գալստյանի կիթառի մեղեդիների ուղեկցությամբ՝ միասին երգելով, վայելեցինք Դիլիջան անտառների զովությունը:

Օրվա ավարտին անակնկալ էր սպասվում. Գեղամա գեղեցկուհի Սևանի ափին արժանացանք նաև Աին աշխատակցի կողմից ձկան հյուրասիրության:

Անմոռանալի էր կապուտաչյա Սևանի մայրամուտը… Օրը բազմաբովանդակ էր, ինչպես մեծանուն գրող Հ. Թումանյանի գրական ժառանգությունը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր