Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Մեկ օր Գյումրիում

12:14 / 05.10.2018

Վերջերս Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության 35 աշխատակիցներ իրենց մեկօրյա հանգիստը անցկացրեցին Գյումրի քաղաքում: Արշավը սկսվեց Ալեքսանդրապոլի Գյումրի քաղաքի ամենա¬հնագույն բնակելի տարածքից՝ «Սև Ղուլ» կամ «Սև բերդ» ամրոցից, ինչը եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել՝ որպես զինվորական բանտ։ Հնագույն ամրոցի պատմական ծագման և հնագույն ժամանակներում նրա գործածության մասին տեղեկանալուց հետո արշավականները շարժվեցին դեպի «Պատվո Բլուր» ռուսական զինվորական գերեզմանատուն, այն ստեղծվել է 1855թ. Ռուս-թուքական պատերազմի հրամանատար, Կովկասյան կորպուսի գեներալ Ն. Մուռավյովի հրամանով:

«Պատվո բլուր» գերեզմանատան տարածքում այցելեցին և ծանոթացան «Պլպլան ժամ» կամ ինչպես հիմա են անվանում Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի, ծանոթացան պատմական ակունքների հետ: ԱԻ աշխատակիցները բացահայտեցին, որ ժամատուն-եկեղեցին կրում է Միքայել հրեշտակապետի անունը, ով դասվել է սրբերի շարքը, իսկ «Պլպլան ժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով:

Էքսկուրսիայի մանակիցները շրջեցին ծրագրի մաս կազմող Սլաբոդկա թաղամասում, եղան կինոնկարահանումների հրապարակում:

Մինչ մշակութային կենտրոններ այցելելը արշավականները հանգիստը անցկացրեցին «Ձկան ձոր» ռեստրոնային համալիրում, որը գտնվում է ռուսական պատմական Կարմիր բերդի հարևանությամբ և գյումրեցիների համար մշտապես եղել է հանգստի սիրելի վայր:

Հանգստանալուց և համեղ ճաշակելուց անմիջապես հետո որպես մշակությաին կենտրոններ Հիդրոմետ ծառայության աշխատակիցները այցելեցին բոլորիս կողմից սիրելի Մհեր Մկրտչյանի հուշատուն: Ենթադրում եմ, որ, մուտք գործելով թանգարան, նրանք զգացել են մհերյան շունչը, ինչը նախատեսված է թանգարանի յուրաքանչյուր այցելուի համար: Արշավականների մոտ լավ հիշողություններ արթնացրեցին թանգարանում ցուցադրված մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը»,«Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Հետաքրքիր էր նաև թանգարանում պահպանված Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարները, պատկերները, նամակները, փաստաթղթերի նմուշները։

Էքսկուրսիայի մասնակիցները եղան հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում, դիտեցին թանգարանում պահպանվող և ցուցադրվող Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Ոշագրավ էր հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների՝ Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ աշխատանքները :
Էքսկուրսիան ավարտվեց քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում գտնվող Սուրբ Յոթ Վերք կամ Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի և Թադևոս Անտիկյանի ճարտարապետությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներ այցելությամբ:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից կազմակերպած հերթական արշավը հնարավորություն էր ևս մեկ անգամ գտնվել մեր սիրելի ու հնագույն բնակավայր Գյումրիիում և այցելելով քաղաքի բազմաթիվ տեսարժան վայրեր՝ բավականություն ստանալ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր