Նորություններ
Պաշտոնական
Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին
12:17 / 06.03.2023

Այսօր՝ մարտի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իռակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը:
Ողջյունելով հյուրերին նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները:
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում, իրականացնել սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։