Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

20:05 / 20.02.2021

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Նախարար Փիլոյանին ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համգործակցությանն առնչվող հարցեր:

Այնուհետև ԱԻ նախարարը հանդիպել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հետ: Գործընկերները նախ ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։

Հանդիպման ընթացքում ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը կարևորել և ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԻՆ ողջ անձնակազմին պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության և Արցախի ժողովրդին մատուցած անուրանալի ծառայության համար: ԱԻ նախարար Փիլոյանն արցախցի գործընկերներին վստահեցրել է, որ առաջիկայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները` առաջարկելով հաճախակիացնել փոխադարձ այցելությունները։

Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ մեկտեղ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին և նյութատեխնիկական բազային, այցելել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մաս, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։

Գործընկերներն այնուհետև այցելել են ՀՀ ԱԻՆ կառուցվածքում գործող «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ։ Համատեղ աշխատանքից գոհ են։ ՊՈԱԿ-ում մինչև պատերազմը վերանորոգման աշխատանքներ են կատարվել։ Մի մասը կշարունակվի առաջիկայում։ Խոսվել է նաև խնդիրներից, մասնավորապես, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած սեյսմիկ կայանների, նոր լաբորատորիայի սարքավորումների, մասնագետների վերապատրաստման մասին։

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը աշխատանքային այցի համար շնորհակալություն են հայտնել Անդրանիկ Փիլոյանին, ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանին, ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և ընդգծել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համատեղ աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվեն։

← Վերադառնալ ցուցակին