Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի տարեվերջյան ուղերձը

11:20 / 31.12.2020

ԱԻ նախարարության հարգելի՛ աշխատողներ, վետերաններ,

Մենք բոլորս անչափ ծանր զգացողություններով ենք ճանապարհում 2020 թվականը՝ վիշտ ապրելով պատերազմում ունեցած մեր կորուստների համար: Ցավալի մահեր արձանագրվեցին նաև մեր երկիրը պատուհասած համավարակի ընթացքում:

Այսօր նրանց առաջ մենք պարտավորություն ունենք՝ համախմբվելու, վերականգնելու հավատը մեր ուժերի նկատմամբ, նորից նվիրվելու կյանքին ու կերտելու այն հաղթանակները, որոնց համար նրանք զոհվեցին:

Անցնող տարին ցույց տվեց, որ դուք՝ խաղաղ ժամանակների փրկարարներդ, հարկ եղած դեպքում նաև զինվոր եք՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում:

Շնորհակալ եմ ձեր վտանգաշատ աշխատանքն անձնուրացաբար և նվիրումով կատարելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:

Այս համակարգի յուրաքանչյուր աշխատողի՝ փրկարարի թե քաղաքացիական ծառայողի, աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած մարդասիրական, հասարակության վստահությունը վայելող համակարգ:

2021 թ.-ին մեր անելիքները բազմապատիկ անգամ շատ են ու մենք պարտավոր ենք այն դարձնել հայոց պետականության հետագա ամրապնդման, մեր երկրի զարգացման բեկումային տարի: Դա ինչ-որ չափով պայմանավորված է լինելու նաև մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով:

Հարգելի՛ գործընկերներ,

Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն և հաջողություններ: 2021 թ.-ը թող լինի խաղաղության և ձեռքբերումների տարի:

← Վերադառնալ ցուցակին