Նորություններ

Պաշտոնական

«Վիքիճամբար-ԱԻՆ». առցանց ուսուցողական միջոցառում

15:20 / 28.07.2020



Արտակարգ իրավիճակների նախարարության և «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ տեսակապի միջոցով հանդիպել են ԱԻՆ-ականներն ու ճամբարականները։ ԱԻՆ մասնագետները խոսել են հրդեհների մասին, անվտանգ վարքագծի կանոններ ներկայացրել։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը բացատրել է, թե ինչպես է պետք ճամբարում խարույկ վառել, որպեսզի այն հնարավոր հրդեհի չվերածվի։ Ինչպե՞ս են գրանցվում հրդեհների ահազանգերը։ Քանի՞ մարտական հաշվարկ է մեկնում դեպքի վայր։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մինչև քանի՞ զանգ կարող է միաժամանակ ընդունել։ Այս և այլ հարցերի պատասխանները երեխաները ստացել են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատրաստած տեսանյութի միջոցով։ Իսկ «ԱԻՆ 911» էլեկտրոնային պաշտոնաթերթի լրագրող Արամ Զաքարյանը ներկայացրել է հրդեհների կանխարգելման ճապոնական փորձը։ Նա ամիսներ առաջ վերապատրաստվել է Ճապոնիայում։

2014 թվականից «Վիքիմեդիա Հայաստան»-ը հեղինակել և իրականացնում է Վիքիճամբարներ 9-35 տարեկան անձանց համար։ Այս տարի հեռավար անցկացված դասընթացն ինտերակտիվ բնույթ է կրել։ Մասնակիցները հարցերի միջոցով ամրապնդել են ստացած գիտելիքները։ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ միջոցառման անցկացման համար։

ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Լրատվության բաժնի պետ Լիլիանա Մարգարյանը հույս է հայտնել, որ 2021 թվականին «Վիքիճամբար-ԱԻՆ» համագործակցությունը վիրտուալից կրկին իրական հարթակ կտեղափոխվի։

← Վերադառնալ ցուցակին