Նորություններ

Պաշտոնական

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում և տարածքային ստորաբաժանումներում

16:31 / 17.02.2020

ՀՀ վարչապետի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Աշխատանքային խումբն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում և տարածքային ստորաբաժանումներում (Երևան քաղաքի տարածքային կենտրոն, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ, Արևելյան տարածքային կենտրոն, Հարավային տարածքային կենտրոն, Արևմտյան տարածքային կենտրոն, Հյուսիսային տարածքային կենտրոն) իրականացրեց քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում։

ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների մասնակցությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմի հետ անցկացվել է նաև «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել քաղաքացիական պաշտպանության շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը և արտակարգ իրավիճակներում ճիշտ ու կազմակերպված գործելու կարողությունները:

Գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն առկա թերությունները:

← Վերադառնալ ցուցակին