Նորություններ

Պաշտոնական

Տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

19:00 / 07.02.2020



Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը նախագահում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են 18 անձինք, որոնք հիմնականում արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հասարակական կառույցների ներկայացուցիչներ են:

Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Նախագծերի հետ կապված աշխատանքային մթնոլորտում տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց բացի գումարվող նիստերից անցկացնել նաև հասարակական խորհրդի միջանկյալ հանդիպումներ՝ ծագած խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով:

ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Հասարակական խորհուրդը քննարկում է արտակարգ իրավիճակների բնագավառին վերաբերող հարցեր, որի արդյունքում կարող են ընդունվել խորհրդատվական բնույթի որոշումներ:

Խորհրդի անդամներից բացի խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետող աշխատակիցներ, այլ նախարարությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օրակարգում ընդգրկված հարցերին որևէ կերպ առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

← Վերադառնալ ցուցակին