Նորություններ

Պաշտոնական

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2019 թվականը. միջոցառմանը ներկա էր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը

11:53 / 31.01.2020

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Ամփոփմանը ներկա էին Արմավիրի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձինք:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:

Հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

Գործունեության հիմնական ուղղություններն են եղել արտակարգ իրավիճակների և դեպքերի արձագանքումը, քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստումը, ինչպես նաև կապի և ազդարարման համակարգի կատարելագործումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:

Աշխատանքներ են իրականացվել հրշեջ-փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավար կազմի և բնակչության համապատասխան ուսուցումը կազմակերպելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում մարզային փրկարարական վարչությունում գրանցվել է 89193 զանգ (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 94570), սպասարկվել է 979-ը՝ տարաբնույթ արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգ (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 593):

Փրկարարական վարչության ստորաբաժանումների և օպերատիվ խմբի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել են` 979 ելք, (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 593), որից հրդեհների մարման նպատակով 620 ելք (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 305), փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 337 ելք (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 271):

Վերլուծությունները ցույց են տալիս, որ հրդեհների զգալի մասը` 410-ը կամ 66.4%-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 148-ը կամ 48,5%-ը) առաջացել են բուսածածկ տարածքներում:

2018 թվականի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 262 դեպքով կամ 177%-ով, բնակելի հատվածում առաջացել է 51 հրդեհ, կամ 8.2%-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատված՝ 48, կամ 15.7%-ը): 2018 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 3 դեպքով, կամ 6,2%-ով:

2019 թվականի ընթացքում հրդեհների հետևանքով մարզում զոհվել է 2 քաղաքացի, ավտովթարների հետևանքով գրանցվել է 17 զոհ, մեկ անձ մահացել է ջրահեղձումից:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից համայնքներում և կազմակերպություններում իրականացվել են բացատրական աշխատանքներ՝ ոռոգման ջրանցքներում ու սելավատարերում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով:

2019 թվականի ընթացքում ինտենսիվ աշխատանքներ են տարվել մարտական պատրաստականության բարձրացման, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների կատարելագործման ուղղությամբ:

Հետևողական աշխատանքներ են տարվել մարզի բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ, մասնակցություն է ցուցաբերվել մարզի տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորման աշխատանքներին:

Իր զեկույցում Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց աշխատանքներ իրականացնել մարզի բնակչության ազդարարման համակարգի վերազինման ուղղությամբ, ինչպես նաև բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացումը կանխելու նպատակով հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ համայնքներում իրականացնել կանխարգելիչ բացատրական աշխատանքներ:

Անհրաժեշտ է աշխատանքներ իրականացնել նաև ապաստարանների և պահեստային կառավարման կետի վերանորոգման ու համապատասխան գույքով ապահովման, ինչպես նաև չգործող կամ հրշեջ ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալներին չհամապատասխանող հիդրանտների և հրշեջ ծորանների վերանորոգման, համապատասխանեցման և նորերի ստեղծման ուղղությամբ:

Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:

← Վերադառնալ ցուցակին