Նորություններ

Պաշտոնական

Լոռու մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է տարին. ներկա էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը

19:18 / 31.01.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Ամփոփմանը ներկա էին նաև Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան և Ալավերդի համայնքների ղեկավարները, պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այլ պաշտոնատար անձինք:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Լոռու մարզպետ Ա.Ղուկասյանը և Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա.Նազարյանը: Ողջունելով ներկաներին՝ Լոռու մարզպետը և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզային փրկարարական վարչությանը՝ կատարած աշխատանքների համար:

Լոռու մարզպետը հայտնեց, որ վարչության և Լոռու մարզպետարանի փոխհամագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Այնուհետև Լոռու մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ, փ/ծ գնդապետ Ս. Գաբրիելյանը:

Հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

2019 թվականին Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1425 արտակարգ դեպք (2018 թ.` 1258), որի հետևանքով մահացել է 42 (2018 թ.` 35), մարմնական վնասվածքներ ստացել՝  866 մարդ (2018 թ.` 1106):

2019 թվականին մարզում 2018 թ.-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 167-ով կամ 11,6%-ով, մահացածների թիվն աճել է 7-ով կամ 16,6%-ով, վիրավորներինը նվազել է 240-ով կամ 21,7%-ով:

Հաշվետու ժամանակաշրջանում վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվել է 2199 ելք (2018 թ.՝ 1342, ավելացել է 857-ով կամ 38,9%-ով), որոնց թվում՝ հրդեհների - 809 (2018 թ.՝ 274, ավելացել է 535-ով կամ 195 %-ով):

Փ/ծ գնդապետ Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ մարզում առկա է թվով 217 հրշեջ հիդրանտ, որից գործում է 179-ը:

Հրշեջ հիդրանտներ բացակայում էին Թումանյանի, Գուգարքի և Տաշիրի տարածաշրջաններում, որտեղ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների ջանքերով տեղադրվեցին 15 ջրածորակներ՝ Թումանյան՝ 10, Տաշիր՝ 3 և Գուգարք՝ 2 հատ: Ջրածորակների տեղադրման աշխատանքները շարունակվելու են նաև 2020 թվականին:

Հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից իրականացվել են թվով 8 արհեստական քարաթափման աշխատանքներ:

2019 թվականը վարչության համար դարձավ ձեռքբերումների տարի, քանի որ վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվեցին ճապոնական թվով 5 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով և նույն մակնիշի ավտոսանդուղքով, իսկ 2020 թվականի հունվարի 29-ին՝ ևս 9 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով:

2019 թվականին ամբողջությամբ վերանորոգվեցին Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները, մասնակի վերանորոգումներ իրականացվեցին պետական ծրագրում չընդգրկված հրշեջ-փրկարարական ջոկատներում:

2020 թվականին բնակչության պաշտպանության բնագավառում հիմնական աշխատանքներն ուղղվելու են արտակարգ իրավիճակների կանխմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը:

Վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայությունն արդյունավետ կազմակերպելու, առաջացած դեպքերին առավել արագ և օպերատիվ արձագանքելու նպատակով գնդապետ Գաբրիելյանն առաջարկեց վարչությանը տրամադրել ամենագնաց փրկարարական մեքենա (կվադրացիկլ), հեռադիտակ և դրոն:

Մարզային փրկարարական վարչության 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ, վարչությունը պատրաստ է կատարելու իր առջև դրված խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին