Նորություններ

Պաշտոնական

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Կեի Տոյամայի գլխավորած պատվիրակությանը

19:00 / 30.01.2020



Հունվարի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Արևելյան ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրենի ավագ տեղակալ Կեի Տոյամայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էին նույն վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի պատասխանատու Կանայե Սուզուկին, JICA-ի Վրաստանի գրասենյակի ծրագրերի զարգացման խորհրդատու Օգուրա Տորուն, Հայաստանում JICA ծրագրի համակարգող Ռուզան Խոջիկյանը և այլ պաշտոնատար անձինք:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ նախարարը նշեց, որ JICA-ի օժանդակությամբ էապես թարմացվել է Փրկարար ծառայության ավտոպարկը: Խոսելով ԱԻՆ կարիքներից՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ծանր տեխնիկայի ձեռքբերումը, որն անհրաժեշտ է քարաթափումների և սողանքների հետևանքները վերացնելու համար:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Արևելյան ու Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության տնօրենի ավագ տեղակալ Կեի Տոյաման շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ արձանագրեց, որ ճապոնական կողմի տրամադրած տեխնիկական օժանդակությունը ծառայում է իր նպատակին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանին հնարավոր աջակցության ցուցաբերման, ինչպես նաև աղետի դեպքում Հայաստանին արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման հնարավորությունները:

ՀՀ ԱԻՆ-ը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency - JICA) հետ համագործակցում է 2007 թվականից։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության համագործակցության շրջանակներում Ճապոնիան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել է տասնյակ հրշեջ-մեքենաներ, JICA-ի միջոցներով տեղադրվել են սեյսմիկ կայաններ, սողանքային երևույթները մշտադիտարկելու համար ճապոնական կողմը տրամադրել է տեխնիկական աջակցություն, իրականացվել է սողանքների կանխարգելման պիլոտային ծրագիր, հատկացվել են գույք և սարքավորումներ:

JICA-ի տեխնիկական աջակցությամբ ԱԻՆ-ում նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն, որի հիմնական նպատակն է բարձրացնել երկրի դիմակայունությունն աղետների նկատմամբ:

Ընթացքի մեջ է ԱԻՆ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից համատեղ իրականացվող «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում ԱԻՆ-ում անցկացվել են դասընթաց-սեմինարներ, նախատեսված է նաև արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների և լրագրողների այցը Ճապոնիա:

Ճապոնիայի հետ համագործակցության տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ գործուղվել են Ճապոնիա` վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով։

← Վերադառնալ ցուցակին