Նորություններ

Պաշտոնական

Փրկարար ծառայության գնահատականը տրվում է քաղաքացու կողմից

14:50 / 17.01.2020



Հունվարի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների և առաջացած հարցերի վերաբերյալ:

Ծառայության տնօրենը նշեց, որ Փրկարար ծառայությունում կառուցվածքային փոփոխություններն ավարտված են, կատարվել են փոխատեղումներ:

Վ. Գաբրիելյանը ներկայացրեց ծառայության տնօրենի և երկու տեղակալների միջև ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և գործունեության ուղղությունների համակարգման բաժանումը:

Ծառայության տնօրենը նշեց, որ քաղաքացիներից ստանում են նամակներ և հեռախոսազանգեր փրկարարների բարեհամբույր և մարդկային վերաբերմունքի մասին և շեշտեց, որ բնակչության կողմից տրվող գնահատականն ամենագլխավորն է:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անձնակազմի ուսուցման հարցերի կազմակերպման հետ կապված տրվեցին մի շարք հանձնարարականներ:

Փրկարար ծառայությունում սկսվել է կառուցվածքային և մարզային ստորաբաժանումների 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը, որի հետ կապված ևս տրվեցին հանձնարարականներ:

Վ. Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ծառայության անձնակազմին՝ Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակցի երեխայի վիրահատության համար կազմակերպված հանգանակությանը մասնակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին