Նորություններ

Պաշտոնական

Փրկարար ծառայության լավագույն մասնագետները պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդ սերնդին

21:53 / 20.12.2019



Դեկտեմբերի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական, ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում առաջացած հարցերի և առկա խնդիրների վերաբերյալ:

Վրեժ Գաբրիելյանը ներկայացրեց Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության 2019 թվականի արդյունքները և շնորհավորեց հաղթողներին` մաղթելով էլ ավելի արդյունավետ աշխատանք՝ ի շահ բնակչության պաշտպանության:

Անդրադառնալով նախօրեին զինվորական կոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման դեպքին` ծառայության տնօրենն ընդգծեց փրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար ծառայության բոլոր օղակների միջև ներդաշնակավորված աշխատանքի անհրաժեշտությունը:

Երևան քաղաքի և մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարվեց ճշտել և հաշվառել իրենց տարածքներում առկա շինարարական ընկերություններին պատկանող ինժեներական տեխնիկան: Այդ ընկերությունների հետ փոխհամագործակցության աշխատանքներ պետք է տարվեն՝ խոշոր պատահարների դեպքում այդ տեխնիկական միջոցները փրկարարական աշխատանքներում ներգրավելու համար:

Տնօրենի կողմից խնդիր դրվեց նախապատրաստել համապատասխան տեխնիկական փաստաթղթային փաթեթ անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ՝ հնարավորության դեպքում դրանց արտադրությունը ՀՀ-ում կազմակերպելու և բարձրահարկ շենքերի հրդեհաշիջման աշխատանքներում դրանք օգտագործելու նպատակով:

Տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում հանձնարարվեց նախապատրաստել փաստաթղթային փաթեթ ձեռք բերելու համար 50 և ավելի մետր բարձրության վրա աշխատանքներ իրականացնող ավտոսանդուղքներ, ինչպես նաև՝ ինքնափրկիչ սարքեր 5-ից 20 հարկանի շենքերից արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանումը կազմակերպելու նպատակով:

Երևան քաղաքի և մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարվեց հաշվառել բոլոր 16 և ավել հարկանի շենքերը, ներկայացնել դրանց ցանկը և բնութագրերը: Խնդիր դրվեց ստուգել բոլոր նմանատիպ բարձրահարկ շինություններում հակահրդեհային համակարգերի առկայությունը և այդ շենքերի համար մշակել հրդեհաշիջման աշխատանքների քարտեր:

Առաջարկվեց բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծել ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ: Ուսանողները կզինվեն տարրական փրկարարական գիտելիքներով և անհրաժեշտության դեպքում կաջակցեն փրկարարական աշխատանքների ժամանակ:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ ինչպես Սպիտակի երկրաշարժի դառը փորձն է ցույց տվել, լինում են դեպքեր, երբ նման կազմակերպված և հավելյալ օգնության անհրաժեշտություն է լինում: Վ. Գաբրիելյանն ընգծեց անձնակազմի ուսուցման կազմակերպման հարցում նոր մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Հանձնարարվեց մինչև տարեվերջ ներկայացնել համապատասխան առաջարկություններ անձնակազմի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Հատկապես շեշտվեց փրկարար ծառայություն նոր ընդունվող երիտասարդ աշխատակիցների հետ տարվող աշխատանքների կազմակերպման հարցը: Խնդիր դրվեց նոր մոտեցում ցուցաբերել, որպեսզի նրանք կարողանան լիիրավ տիրապետել մասնագիտական գիտելիքներին:

- Փրկարար ծառայության լավագույն մասնագետները պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդ սերնդին,- եզրափակեց ծառայության տնօրենը: 

← Վերադառնալ ցուցակին