Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

13:49 / 07.10.2019



Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները:

Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը զեկուցեց, որ վերոնշյալ ժամանակահատվածում «911» ծառայությունում գրանցվել է 16117 զանգ, 436 դեպք-պատահար, որից 256-ը՝ արտակարգ բնույթի:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 8 զանգ: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 25 հետազոտություն:

ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 24 թունավորման դեպք:

Համաձայն փ/ծ գնդապետ Տիգրան Գիդաչյանի և ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի զեկույցների՝ ուսումնասիրվել է Տավուշի մարզի Այրում համայնքում առկա քարաթափման տարածքը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հողային աշխատանքների կատարումից հետո ԱԻՆ մասնագետները կիրականացնեն ժայռաբեկորների հարկադիր իջեցում:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին արձակուրդների տրամադրմանը, շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, համազգեստի բաշխմանը և կրման կարգին, ձմեռային փուլի անցմանը:

← Վերադառնալ ցուցակին