Նորություններ

Պաշտոնական

Լրագրողների վերապատրաստում ԱԻ նախարարությունում

19:40 / 27.09.2019



Սեպտեմբերի 25-27-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ ընթանում էին «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի դասընթացները:

Դասընթացի հերթական ծրագիրը նախատեսված էր լրագրողների համար:

ԶԼՄ-ները ներկայացնող տասնյակ լրագրողներ հնարավորություն ունեցան լսել JICA փորձագիտական խմբի փորձագետների դասախոսությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների բնագավառում ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հմտություններին և դրա վերաբերյալ առկա համաշխարհային փորձին:

Դասընթացին ներկա էր նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, ով իր խոսքում նշեց, որ սա լրագրողների համար լավ հնարավորություն է ձեռք բերելու գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում աշխատող լրագրողին՝ իր մասնագիտական գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար:

Մեդիա փորձագետները լրագրողներին ներկայացրին տարբեր արտակարգ իրավիճակներում լրատվության տրամադրման առանձնահատկությունները: Մասնավորապես առանձնացվում է ռիսկի լրատվությունը, որը տրամադրվում է մինչև արտակարգ իրավիճակի վրա հասնելը, արտակարգ իրավիճակի ընթացքում և աղետից հետո վերականգնման փուլում տրամադրվող տեղեկատվությունը:

Ռիսկի լրատվության հիմնական նպատակն է հասարակությանը տեղեկատվություն տրամադրել հնարավոր արտակարգ իրավիճակների, աղետների վտանգավոր հետևանքներից խուսափելու վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների ընթացքում հասարակությունը բոլոր հնարավոր խողովակներով պետք է ստանա առկա իրավիճակի վերաբերյալ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն, որը կկանխի ինֆորմացիայի բացակայության հետևանքով առաջացող հնարավոր խուճապը:

Արտակարգ իրավիճակից կամ աղետից հետո, երբ մեկնարկում են վերականգնման գործընթացները, հասարակությունը նույնպես պետք է տեղեկացված լինի դրանց վերաբերյալ:

Վերականգնման, վերակառուցման մասին տեղեկատվությունը միշտ էլ դրական ազդակներ և ապրելու հույս է տալիս մարդկանց: Այս բոլոր փուլերում առանցքային է ԶԼՄ-ների դերը՝ որպես տեղեկատվության փոխանակման բնագավառում պետություն-հասարակություն յուրօրինակ կապող օղակ:

Խոսելով Ճապոնիայի փորձի մասին՝ փորձագետները նշեցին, որ հասարակությունն այնտեղ արտակարգ իրավիճակները դիտարկում է որպես կյանքի մաս և մշտապես հոգեբանորեն պատրաստ է աղետի դիմագրավմանը, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին, որտեղ արտակարգ իրավիճակը դիտարկվում է որպես հատուկ իրադարձություն՝ դրանից բխող հուզական և խուճապային հնարավոր արձագանքներով:

JICA փորձագիտական խմբի փորձագետները խոսեցին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության և լրագրողների միջև համագործակցության առկա վիճակի և հնարավոր հեռանկարների մասին:

Եվ լրագրողներին, և Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց երկուստեք ներկայացնել այն հնարավոր խնդիրները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ միմյանց միջև ավելի սերտ համագործակցության ծավալման համար:

Քննարկումներն անցան բավական անկաշկանդ և համագործակցային մթնոլորտում: Լրագրողական համայնքի ներկայացուցիչները փաստեցին, որ տեղեկատվության տրամադրման բնագավառում ԱԻՆ-ի հետ կա մասնագիտական փոխըմբռնում և արդյունավետ համագործակցություն:

Երկօրյա դասընթացին մասնակցած լրագրողները Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) կողմից ստացան հավաստագրեր:

← Վերադառնալ ցուցակին