Նորություններ

Պաշտոնական

Մեդիա փորձագետ, լրագրող Սուվենդրինի Քակուչին ուսանող-լրագրողների համար ինտերակտիվ դասախոսություն անցկացրեց ԱԻՆ-ում

12:35 / 25.09.2019



Սեպտեմբերի 25-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ անցկացվեց «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի հերթական դասընթաց-սեմինարը:

Ծրագրի նպատակն է աղետների ռիսկի նվազեցման և ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ ուսանողների լուսաբանման կարողությունների բարելավումը: Դասընթաց-սեմինարը անցկացրեց լրագրող, մեդիա փորձագետ Սուվենդրինի Քակուչին:

Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար, ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ ողջունեց ուսանողներին և նշեց, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ծանոթանալու միջազգային փորձին և ձեռք բերելու մասնագիտական հմտություններ՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ տեղեկատվություն տրամադրելու համար:

Սուվենդրինի Քակուչին հանդես եկավ «Լրատվություն աղետների վերաբերյալ» զեկույցով, որի ընթացքում խոսեց, թե ինչպես պետք է աղետների ժամանակ ճիշտ տեղեկատվություն հաղորդել, որպեսզի հնարավորինս քիչ խուճապ առաջանա:

«Օրինակ, եթե ճապոնիայում տեղի է ունեցել աղետ առաջնահերթությունը տալիս ենք պաշտոնական լրատվությանը քան մասնավորին: Առաջին վեց ամիսը լրատվությունը ավելի չեզոք է, օբյեկտիվ և հիմնված փաստերի վրա»,-ասաց լրագրող Սուվենդրինի Քակուչին:

Ուսանողների այն հարցին, թե ինչպես պետք է հոդված գրել նման իրավիճակում, ինչը պետք է կարևորել, բանախոսը նշեց, որ առաջին երկու շաբաթը տեղեկատվություն ենք տալիս զոհերի, տուժածների մասին, մեկ ամիս անց տեղեկատվությունը ներառում է հետևյալ թեմաները՝ «վերականգնում, օգնություն տուժածներին», մեկ տարի անց՝ «վերականգնման ընթացքը, քաղված դասերը» և հինգ տարի անց՝ աղետից ողջ մնացածների պատմությունները:

Մեդիա փորձագետը կարևորեց նաև սոցիալական մեդիայի դերը և նշեց, որ լրագրողները դեպքի վայրից անմիջապես կարողանում են փոխանցել տեղեկատվությունը. «Սոցիալական մեդիան իր ազդեցությամբ շրջանցել է, ավանդական լրատվամիջոցներին և ռացիոնալ շարունակում է մնալ կարևոր աղբյուր հեռուստատեսությունից հետո»:

Սեմինարի երկրորդ հատվածում վերապատրաստմանը մասնակցող ուսանող-լրագրողները պատրաստել էին հետազոտական հոդվածներ՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով:

Իր տպավորություններով մեզ հետ կիսվեց, ուսանողուհի Ելենա Ադամյանը և նշեց, որ ճապոնացիները աշխարհում արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակություններ ունեն, և իրենց հարուստ փորձը ուսանելի կլինեն մեզ համար:

Անդրադառնալով ուսանողների պատրաստած հետազոտական հոդվածներին բանախոսը ասաց, որ նրանք կարողացել են կարճ ժամանակահատվածում խորքային ներկայացնել իրենց հետազոտական աշխատանքները. «Իհարկե կային թերություններ, բայց յուրաքանչյուր աշխատանք հղկվում է: Բանախոսը նշեց, որ նման հանդիպումը հարթակ է հանդիսանում՝ փորձի փոխանակման: Ելույթի եզրափակիչ խոսքում Սուվենդրինի Քակուչին ուսանող-լրագրողների մաղթեց մասնագիտական հաջողություններ:

Դասընթաց-սեմինարի ավարտին հայ-ճապոնական ծրագրի ղեկավարները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և հանձնեցին հավաստագրեր:

← Վերադառնալ ցուցակին