Նորություններ

Պաշտոնական

Սեպտեմբերի 4-ն ԱԻՆ աշխատակցի օրն է

17:17 / 04.09.2019



Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական շքերթ, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ԱԻՆ նախկին աշխատկիցներ և վետերաններ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ արդեն ավելի քան 10 տարի է, ինչ մեր ժողովուրդը նշում է աշխարհի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնը:

«Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը երբեք չի պատժում և դակողի դեր չի կատարում, այլև վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում: Այս առումով, փրկարարի մասնագիտությունը առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է ուժը, բարությունն ու փրկարարի այն բարձր կոչումը, որը սեր ու հոգատարություն է տածում բոլորի նկատմամբ», - ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարի՝ հաջողվել է զրոյական կետից ստեղծել մի կառույց, որը ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլև վտանգի և դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ փոխվում են ժամանակները և փոխվում են նաև կառույցի առջև կանգնած մարտահրավերները:

«Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ փոխվում է նաև աղետների ռիսկը, ինչը պետություններին, միջազգային հանրությանը, փրկարարական մեծ ընտանիքին, բոլորին պարտադրում է համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, էլ ավելի զգոն լինել, ջանքեր ներդնել աղետակայուն պետություն և աղետներին պատրաստված ժողովուրդ ունենալու համար», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը շեշտեց, որ աղետների հետևանքների վերացումը մի քանի անգամ ավելի թանկ հաճույք է, քան դրանց կանխարգելումը:

«Ժամանակակից աշխարհը այս տրամաբանությամբ է շարժվում», - ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարի՝ Հայաստանը ևս գնում է առաջադեմ երկրների ճանապարհով: Փրկարարական գույք ձեռք բերելու համար կառավարությունը վերջին շրջանում պետական բյուջեից նախարարությանը տրամադրել է ավելի քան 260 միլիոն դրամ, հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման համար՝ 1 միլիարդ 173 միլիոն դրամ:

«Իմ առաջարկությումբ և վարչապետի պատրաստակամության արդյունքում որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերի մեկից բարձրացնել փրկարարների աշխատավարձը, - նշեց ԱԻ նախարարը, շեշտելով, որ մեր փրկարարները արժանի են բարձր գնահատանքի:

Խոսելով այս տարի Հայաստանը պատուհասած բարդ հրդեհների մասին, նախարարը նշեց, որ դրանց քանակն ու մասշտաբն այնքան մեծ էին, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր նաև փրկարար ծառայության կենտրոնական ապարատը:

Նախարարի խոսքով՝ անգամ տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքների համար ազատ փրկարար գտնելն էր դժվարություն:

«Հպարտությամբ պետք է փաստեմ, որ մեր փրկարարները, և հատկապես շարքային կազմի տղաները, պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ անմիջական վտանգի տակ դնելով սեփական կյանքերը: Հրամանները կատարել են սառնասրտությամբ, առանց տրտնջալու, առանց պաթոսի ու ձևականությունների: Մեր տղաներից մի քանիսը դեպքի վայրում մի քանի օր անընդմեջ տքնելուց հետո այն աստիճանի էին ուժասպառ եղել, որ տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, բայց հաջորդ օրը նորից շտապել են դեպքի վայր: Ի՞նչ է սա, եթե ոչ հերոսություն: Սա է իմ պատկերացրած փրկարարի տեսակը: Փրկարարը հերոս է: Իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը, ով օր ու գիշեր կռիվ է տալիս հրդեհի, սողանքի, երկրաշարժի և մնացյալ աղետների դեմ, ով սահմանից այս կողմ ապահովում է իր քաղաքացու անվտանգությունն ու անդորրը: Ահա այսպիսին է հայ փրկարարի կերպարը, որից նվիրվածություն ու հոգատարություն է հորդում համակարգի, կողքինի, հարևանի, բարեկամի, և անգամ չարակամի նկատմամբ», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Այնուհետև, ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորանքի խոսք ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի հայ ժողովուրդը նշում է ԱԻՆ աշխատակցի օրն առանձնահատուկ պայմաններում:

«Մենք բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների, փրկարարների հսկայածավալ աշխատանքին, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել Հանրապետության ողջ տարածքում: Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, ԱԻՆ աշխատակիցները, մեր հրշեջները, իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առջև: Ես ուզում եմ այսօրվա առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ կատարած անձնուրաց աշխատանքի համար, և ուզում եմ հույս, ցանկություն և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին հակազդելու, ռիսկերի արդյունավետ կառավարման հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԻ աշխատողի օրվա առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար, ՀՀ ԱԻՆ մի խումբ աշխատողների պարգևատրեց պետական պարգևներով և վարչապետի հուշամեդալով:

ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվեցին նաև ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի, ՀՀ ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի կողմից:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻՆ 323 աշխատակից ստացել է շնորհակալագիր, 384 աշխատակից պարգևատրվել է պատվոգրով, 9-ը աշխատակից պարգևատրվել է հուշանվերով, 55-ը՝ Լավագույն հրշեջ-փրկարար, 54-ը՝ Անվեհեր փրկարար, 33-ը՝ Կանխարգելում, օգնություն, փրկություն, 25-ը՝ Համագործակցություն հանուն փրկության, 2-ը՝ ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից մեդալներով, իսկ 773 աշխատակից արժանացել է դրամական խրախուսանքի:

Այս տարի աննախադեպ շատ հրդեհների պատճառով ծանրաբեռնված ծառայություն իրականացնող հրշեջ-փրկարարներից երկուսը՝ փոխգնդապետ Գարիկ Հակոբյանը և ավագ-սերժանտ Անդրանիկ Ղազարյանը շտապելով դեպքի վայր իրենց մեքենաներով վթարի էին ենթարկվել և նույնիսկ դրանից կարճ ժամանակ անց մեկնել էին ծառայության:

Ի նշան երախտագիտության, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց մի աննախադեպ որոշման մասին, համաձայն որի փոխգնդապետ Գարիկ Հակոբյանին և ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանին հանձնվեցին նույնատիպ ավտոմեքենաների բանալիներ:

Պարգևատրման արարողությունից հետո, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի հրամանատարությամբ, ԱԻՆ փողային նվագախմբի տոնական հնչյունների ներքո տեղի ունեցավ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր երթ:

Հանդիսավոր երթին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության՝ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՀԱԷԿ հատուկ հրշեջ ջոկատի, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարներից կազմված շարասյուները:

Հանդիսավոր երթը եզրափակեց ԱԻՆ փողային նվագախումբը:

Շքերթի ավարտին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի 911 պարախմբի արտիստները հանդես եկան պարային կատարմամբ:

ԱԻՆ շարահրապարակում անցկացվեց նաև ցուցադրական վարժանք, որին ներգրավված էին փրկարարական, հրդեհաշիջման, կինոլոգիական, սակրավորական, բժշկական, ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի խմբերը՝ ընդհանուր 25 փրկարար ծառայողի մասնակցությամբ:

Ըստ սցենարի՝ վթարի է ենթարկվել քիմիական վտանգավոր նյութ տեղափոխող ավտոմեքենան, բռնկվել է հրդեհ, ավտոմեքենայում կան վնասվածքներ ստացած և արգելափակված քաղաքացիներ:

Փրկարարներին հաջողվեց լուծել սցենարի համաձայն իրենց առաջադրված խնդիրները:

ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին