Նորություններ

Պաշտոնական

ՓԾ խորհրդակցություն. հասարակական հնչեղություն ունեցող հրդեհների վերլուծությունը` հրդեհների կանխարգելման միջոց

15:51 / 16.08.2019

Օգոստոսի 16-ին Փրկարար ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Մարզային փրկարարական վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից ղեկավարները Վ. Գաբրիելյանին զեկուցեցին օգոստոսի 10-16-ը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

Լսելով զեկույցները՝ գեներալ-մայորն առանձնահատուկ անդրադարձավ երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված մարդկային գործոնն է:

Պատասխանատու վարչություններին հանձնարարվեց 5 օրյա ժամկետում ներկայացնել հասարակական հնչեղություն ունեցած հրդեհների ամբողջական ուսումնասիրությունները՝ հրդեհների բռնկման վերլուծությունների և եզրակացությունների համար:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այսուհետ հայտնաբերված և վնասազերծված պայթուցիկ արկերի, սարքավորումների ոչնչացումն իրականացվելու է նախարարության միջոցներով՝ համապատասխան տարածքում: Նա նշեց, որ գործառույթն արդեն սկսված է:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պարոն Գաբրիելյանը նշեց, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ «Արևիկ» ազգային պարկի մոտակա անտառում, կան ծխացող օջախներ, որտեղ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Տրված է հրդեհի մեկուսացում: Դեպքերի ընթացքից ելնելով՝ կոչ արեց լինել ավելի զգոն՝ պատրաստ լինելով կատարել իրավիճակից բխող գործողություններ:

Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 21.575 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 26 և 12 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 74 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 214 հաղորդագրություն: Գրանցված հրդեհներից 16-ը տեղի են ունեցել շենք-շինություններում, 192-ը՝ բուսածածկ տարածքներում (այրվել է մոտ 377 հա տարածք):

← Վերադառնալ ցուցակին