Նորություններ
Պաշտոնական
«Վիքիճամբար-ԱԻՆ» ուսուցողական միջոցառում Ծաղկաձորում
16:36 / 12.07.2019

Արտակարգ իրավիճակների նախարարության և «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքիճամբար-ԱԻՆ» ուսուցողական միջոցառումը:
Ճամբարի հիմնական նպատակն է երեխաների համար ստեղծել հետաքրքիր հարթակ, որպեսզի նրանք զարգացնեն ստեղծագործական երևակայությունը՝ լավացնելով լեզվական հմտությունները: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն իրականացրին վարժանք-խաղեր, որոնք ուղղված էին արտակարգ իրավիճակների ժամանակ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
«Ամեն տարի ճամբարում փորձում ենք նորամուծություններ մտցնել և այս տարի որոշեցինք համագործակցել ԱԻ նախարարության հետ՝ միասին կազմակերպել ուսուցողական վարժանք-խաղ, որպեսզի երեխաները որոշակի պատկերացում ունենան, թե ինչ է տարհանումը, ինչպես պաշտպանվել հրդեհից, ինչ անհրաժեշտ իրեր պետք է վերցնել և այլն։ Նրանք կարողանում են ստեղծել գիտելիք ուրիշների համար։ Ճամբարների երեխաներն ամբողջ օրը ունենում են հագեցած գրաֆիկ՝ սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ և խմբագրում»,- մեզ հետ զրույցում ասաց ճամբարի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Նա նշեց, որ Վիքիպեդիայում, Վիքիբառարանում և Վիքիդարանում խմբագրում են 9-14 տարեկան երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից, ներառյալ Արցախից։
Միջոցառման առաջին հատվածում «Վիքիճամբար»-ի երեխաների համար ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանները ներկայացրեցին «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը։ Ներկայացման ավարտից հետո փոքրիկները դիտեցին ԱԻ նախարարության և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից պատրաստված ուսուցողական մուլտֆիլմեր՝ երկրաշարժի, ջրհեղեղի և հրդեհի մասին, որից հետո կազմակերպվեց վիկտորինա խաղ: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով. Գոռ Եղիազարյանն արժանացավ «Տեսաֆիլմի լավագույն վերլուծող փոքրիկ փրկարար»-ի կոչմանը, Շահանե Թադևոսյանը՝ «Հրդեհային իրավիճակում արագ կողմնորոշվող փոքրիկ փրկարար»-ի և Միքայել Ալավերդյանը՝ «Արագ արձագանքման բարձր հմտություն ունեցող փոքրիկ փրկարար»-ի կոչումներին:
13-ամյա Գոռ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վիքիպեդիայում խմբագրում է Վիքիբառարան, Վիքիդարան բաժինները։ «Վիքիպեդիային ծանոթ եմ շատ վաղուց, սկսել եմ խմբագրել անցյալ տարի»։ Փոքրիկ Գոռը շնորհակալություն հայտնեց «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրության կազմակերպիչներին և ասաց. «Ներկայացման և մուլտֆիլմերի շնորհիվ մենք տեղեկացանք, թե ինչպես պետք է պաշտպանվել հրդեհի, երկրաշարժի և ջրհեղեղի ժամանակ։ Հրդեհի ժամանակ պետք է թաց կտորով ծածկել ամբողջ մարմինը և սպասել մինչև հրշեջ-փրկարարները կհասնեն օգնության, իսկ ջրհեղեղի դեպքում, եթե բնակելի շենքի տարածքում ենք գտնվում, անհրաժեշտ է անվտանգ գոտի բարձրանալ։ Փոքրիկ Արամը նշեց, որ փորձել է խմբագրել, ինչ-որ նյութեր թարգմանել տարբեր լեզուներից ԱԻ նախարարության Վիքիպեդիայի էջում։
Ուսուցողական միջոցառման հաջորդ հատվածում երեխաները խաղացին «Ժամանակի կառավարում» թիմային խաղը։ Յուրաքանչյուր ջոկատին տրվում են քարտեր, որոնց վրա գրված են առաջադրանքներ և 7 րոպե ժամանակ այն կատարելու համար։
Ավարտին երեխաների համար կազմակերպվեց տարհանման ուսումնական վարժանք։ Ազդարարման համակարգի միջոցներով տրվեց տագնապի ազդանշան և հնչեց տարհանման հրահանգը:
Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին հանգստյան տան տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հրշեջ-փրկարարները շենքում արգելափակված տուժածներին դուրս բերեցին և մոտեցրին տարածքում հերթապահություն իրականացնող առաջին բուժօգնության հրահանգչին՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով։ ՀՀ ԱԻՆ ՓԾ Հրազդան քաղաքի թիվ 44 ՀՓՋ-ի առաջին օղակի հրամանատար փ/ծ ավագ Սևակ Ավետիսյանը երեխաներին ներկայացրեց կրակմարիչից օգտվելու կանոնները:
Ուսումնական վարժանքին հետևում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Հրազդան քաղաքի թիվ 44 ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ մայոր Սամվել Դավթյանը։ Տարհանման ավարտին Սամվել Դավթյանը, ողջունելով երեխաներին, կարևորեց արտակարգ պատահարների ժամանակ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները. «Պետք է հիշել, որ արտակարգ իրավիճակներում, առանց խուճապի մատնվելու, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 ծառայություն»: Սամվել Դավթյանը ներկաներին մաղթեց, որ աղետները լինեն միայն վարժանքի տեսքով, և նրանք երբեք ականատես չլինեն իսկական աղետի:
Հագեցած օրվա ավարտին ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոնի» ուսումնական բաժնի հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Սիրարփի Թադևոսյանը երեխաներին սովորեցրեց, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն տարբեր իրավիճակներում: