Նորություններ

Պաշտոնական

«Աղետիկ» ուսուցողական բեմադրություն «Լուսէ» կենտրոնի սաների համար

19:35 / 24.05.2019



Մայիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Նարեկացի» արվեստի միություն էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը դիտելու:

Աղետների ռիսկերը ճանաչելու և ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները:

«911» մանկական թատերախմբի փոքրիկ հերոս Խաչիկ Հովակիմյանը, ով բեմադրության ժամանակ ներկայացավ հրշեջ-փրկարարի կերպարով նշեց, որ մասնագիտության հարցում կողմնորոշվել է և ցանկանում է դառնալ հրշեջ-փրկարար:

Միջոցառման երկրորդ հատվածում հյուրերը ծանոթացան «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների նկարչական աշխատանքներին:

ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը նշեց, որ «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական ներայացումը բեմադրվել է ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծությունների շարքի հիման վրա: Նրա խոսքով` առաջիկայում նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև նախադպրոցական այլ հաստատություններում, որը կնպաստի իրազեկվածության բարձրացմանը:

Միջոցառման ավարտին ՀՀ ԱԻ նախարարության կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաներին հանձնվեցին նվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին