Նորություններ

Պաշտոնական

Շախմատի տանն անցկացվեց ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն

10:13 / 22.05.2019

Մայիսի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շախմատի ամենամյա առաջնություն: Այն կազմակերպել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժինը:

Մինչև փրկարարների միջև ավանդական դարձած ամենամյա մրցաշարը, ծառայությունում ապրիլի 10-ից մայիսի 10-ը կազմակերպվել և անցկացվել էին նախընտրական մրցումները՝ եզրափակիչ խաղի մասնակիցներին որոշելու համար: Նշենք, որ առաջնությանը մասնակցելու հնարավորություն է ստացել 10 փրկարար: Մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցափուլով:

ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մանվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց Շախմատի տան ողջ անձնակազմին մրցումներն անցկացնելու համար գերատեսչությանն աջակցելու հարցում: Նա հույս հայտնեց, որ մտքի խաղի ավանդական դարձած մրցաշարին հաջորդ տարի կմասնակցեն նախարարության բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Փրկարարների միջև շախմատային պարտիաների մրցավարությունն իրականացրել են Շախմատի տան արհեստավարժ մրցավարները՝ միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանի գլխավորությամբ: Միավորների հաշվարկից և մրցաշարի ամփոփումից հետո 1-ին տեղը զբաղեցրել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչ, փ/ծ ավագ ենթասպա Սեդրակ Եգանյանը, 2-րդը՝ ՓԾ ՓՈՒՎ հրշեջ-փրկարարական պատրաստականության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, իսկ եռյակը եզրափակել է ՔՊ վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Էդան Սնգրյանը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:

Առաջնության ավարտին ՓԾ տնօրենի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանին և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան փոխտնօրեն Նունե Վարդանյանին: 

← Վերադառնալ ցուցակին