Նորություններ

Պաշտոնական

Ֆելիքս Ցոլակյան. զգոնությունն ու աղետների նկատմամբ զգուշավորությունը պետք է դառնա կենսակերպ

17:30 / 19.04.2019



Ապրիլի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալել էր լրագրողների:

Մոտ մեկուկես ժամ տևած ասուլիսի ընթացքում նախարարն ամփոփեց կառույցի գործունեությունը, խոսեց առկա խնդիրների, դրանց լուծման տեսլականի և իրականացվելիք ծրագրերի մասին:

«Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը մի փոքր տարբերվում է այլ նախարարությունների գործունեությունից և մեր նախարարությունում ցանկացած փոփոխություն անհրաժեշտ է ավելի զգույշ անել, ավելի մտածված, քանզի մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ և կտրել ամենօրյա և 24-ժամյա ծանրաբեռնված աշխատանքի թելը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Որպես ասվածի վառ ապացույց՝ ԱԻ նախարարը նշեց, որ վերջին 6 ամիսների ընթացքում կառույցը սպասարկել է մոտ մեկ միլիոն հեռախոսազանգ: Ըստ նախարարի՝ մեկ տարվա կտրվածքով դա կազմում է 2 միլիոնից ավելի հեռախոսազանգ, որից 18-20 հազարը կոնկրետ դեպքերի հետ կապված ահազանգերն են: Դա ցուցանում է նախարարության լարված աշխատանքը:

Վերջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է հրդեհի 2300 դեպք, որոնցից, թերևս, ամենալուրջը այս տարվա հունվարին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհն էր: Հրդեհաշիջման աշխատանքները ողջ ընթացքում գտնվել են արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական վերահսկողության տակ:

Գրանցվել է քարաթափման 29, փլուզումների 43, սողանքի 2, կոմունալ կենսաապահովման համակարգերի վթարների 13 դեպքեր: «Այս բոլոր դեպքերի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն են ունեցել մեր փրկարարները, և դա ամենօրյա ծանր աշխատանքի ընդամենը մի մասն է»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարի՝ ցավոք, գրանցվում են դեպքեր, երբ հազարավոր փրկված կյանքերի կողքին, լինում են նաև մահվան դեպքեր: Այս առումով, ԱԻ նախարարը հերթական անգամ կոչ արեց քաղաքացիներին բարձրացնել զգոնությունը: «Մենք հաճախ դեպքերի մասին տեղեկատվությունը ստանում ենք ոչ թե տուժողից, այլ պատահական անցորդից: Վերջինս այդ պահին դառնում է փրկարար, քանի որ աջակցում է փրկարարի աշխատանքին: Այստեղ շատ կարևոր է, որ քաղաքացի-փրկարար կապը լինի ամենօրյա և նպաստի պետություն-քաղաքացի կապի զարգացմանը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարի՝ ներկայումս մեր փրկարարները հասել են մասնագիտական արհեստավարժության շատ բարձր մակարդակի. «Թվում է, թե դա սովորական է, որ այդպես էլ պետք է լիներ, սակայն ուզում եմ շեշտել, որ դա ամենօրյա տաժանակիր աշխատանքի արդյունք է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարի խոսքով՝ ներկայումս կառույցի մասնագիտական բարձր մակարդակը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել բարեկամ երկրներին:

Ապրիլի 8-ին դեպի Իրան ուղևորվեց հարևան երկրի ջրհեղեղից տուժած բնակիչներին մարդասիրական օգնության շարասյունը:

Ըստ նախարարի՝ բավական բարձր մակարդակի վրա է նաև ԱԻՆ միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

Այդ համատեքստում ապրիլի 15-16-ը կայացել է ԱԻՆ 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի 36-ժամյա վարժանքը: «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2020 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում:

Գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ միջազգային կառույցների գնահատականը մեր՝ որակավորում ունեցող թիմերի աշխատանքին չափազանց կարևոր է, քանի որ դրա արդյունքներով հայկական կողմը կարող է ակնկալել հումանիտար օգնություն և ֆինանսական աջակցություն:

Անդրադառնալով վերջին մի քանի ամիսներին լուծված կարևորագույն խնդիրներին՝ ԱԻ նախարարը առանձնացրեց փրկարարների համազգեստի և վառելիքի տրամադրման հետ կապված հարցերը:

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով 2018թ. դեկտեմբերի 27-ից ՀՀ առավել վտանգավոր վայրերում՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին, ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղակայվել են ժամանակավոր հենակետեր:

Ինչ վերաբերում է ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձին, ապա, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, այն իրապես ցածր է և ոչ մի կերպ չի համապատասխանում ստանձնած պատասխանատվությանը: Որպես հարցի միջանկյալ լուծում՝ կառավարության կողմից նախարարությանը տրամադրվել են որոշակի միջոցներ, որը հնարավորություն է տալիս տարվա մեջ 4 անգամ պարգևավճար տալ աշխատավարձի չափով:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ առաջիկայում կառավարությանն առաջարկելու է բարձրացնել ԱԻՆ ոչ սպայական կազմի աշխատավարձերը:

Ինչ վերաբերում է կառույցի տեխնիկական պատրաստվածությանը, ապա այստեղ ևս առկա են որոշակի դրական տեղաշարժեր:

Տարեսկզբին Ճապոնիայի կառավարության կողմից ԱԻՆ-ին տրամադրվել է 10 «Nissan-Patrol» արագ արձագանքման մեքենա: Այդ մեքենաները քաղաքային պայմաններում կիրառության ավելի բարձր արդյունավետություն ունեն: Վերոնշյալ մեքենաները համալրված են հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով, թվային կապի միջոցներով, պահեստամասերով և այլն: «JICA» ծրագրի շրջանակներում ճապոնական կողմը նախարարությանը տրամադրել է նաև 18 «Mitsubishi» հրշեջ մեքենա, ևս 22 հրշեջ մեքենաներ կտրամադրվեն այս տարվա օգոստոսին: «КАМАЗ» մակնիշի 26 հրշեջ մեքենա ԱԻՆ-ին կտրամադրվի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից:

Ըստ նախարարի՝ ներկա պահին առկա է ԱԻՆ գործունեության շեշտադրումների փոփոխության խնդիր:

«Հարկավոր է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն աղետների հետևանքներ վերացնող կառույցից առաջնահերթ վերածվի աղետներ կանխարգելող կառույցի: Այս ուղղությամբ լրջագույն աշխատանքներ են տարվում»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Ակնկալվում է, որ սպասվելիք կառուցվածքային փոփոխություններով այսուհետ քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտները կլինեն ԱԻ նախարարի անմիջական վերահսկողության ներքո՝ առանձնացվելով փրկարար ծառայությունից:

Ըստ նախարարի՝ դա էապես կբարձրացնի այս կառույցների աշխատանքի արդյունավետությունը: «Եթե կարողանանք կանխարգելման գործընթացը ճիշտ կազմակերպել, աղետների հետևանքների վերացման անհրաժեշտությունը հետզհետե նվազելու է»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարի՝ այս առումով չափազանց կարևոր է նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, որը պետք է լինի շարունակական:

«Պատահական չէ, որ մենք ցանկանում ենք հանրակրթական դպրոցներում «քաղաքացիական պաշտպանություն» առարկա ներդնել, որը կդասավանդեն ոլորտում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետները, ովքեր միաժամանակ կհանդիսանան քաղպաշտպանության պատասխանատուն և մշտապես կապի մեջ կլինեն արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Մեր քաղաքացիների համար զգոնությունն ու աղետների հանդեպ զգուշավորության դրսևորումը պետք է դառնա կենսակերպ, այլ ճանապարհ ուղղակի չկա»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Բացի դրանից, ըստ ԱԻ նախարարի, նախատեսվում է 30-ից ավելի գյուղական համայնքներում ստեղծել կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատներ:

«Սա մի կողմից կսերտացնի քաղաքացի-փրկարար կապը՝ ապահովելով հնարավոր հրդեհներին դիմակայելու օպերատիվությունը, մյուս կողմից կամավորները մինչև անդամագրվելը համապատասխան դասընթացներ անցնելուց հետո ձեռք կբերեն աղետների ռիսկերի կառավարման ոլորտում մասնագիտական գիտելիքներ»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրադառնալով «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ն ԱԻՆ կազմից բնապահպանության նախարարության ենթակայությանը փոխանցելու որոշմանը՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ կառույցը ներառում է հիդրոլոգիական ծառայություն, որի գործառույթներն ավելի շատ առնչվում են բնապահպանության ոլորտին:

Ըստ նախարարի՝ նախաձեռնությամբ հանդես է եկել բնապահպանության նախարարությունը, որին ԱԻՆ-ը չի առարկել:

Ասուլիսի ընթացքում չշրջանցվեց նաև սողանքների խնդիրը: Ըստ նախարարի՝ Հանրապետությունում առկա են 300-ից ավելի սողանքային գոտի, որից 131-ն ակտիվ է:

Նախարարը տեղեկացրեց, որ առավել վտանգավոր սողանքներով ԱԻՆ աշխատակիցները մշտապես զբաղվում են:
«Սողանքներ կան, որոնց դեմ չենք կարող ոչինչ անել: Կան սողանքներ, որ համայնքի ներսում են, օրինակ` Կապանում, Սարի թաղում: Դրանք համայնքային խնդիրներ են, մենք անվտանգության հարցն ենք լուծում, մնացած հարցերը չենք կարող լուծել, որովհետև չունենք համապատասխան ֆինանսական միջոցներ»,- ասաց նախարարը:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ սողանքների հարցում որոշակի գործառույթներ ունի ոչ միայն ԱԻՆ-ը, այլև մի շարք այլ կառույցներ: Այս առումով, նախարարը այն կարծիքին է, որ նմանատիպ կարևոր հարցերի պարագայում պատասխանատվությունը պետք է դրվի մեկ կառույցի վրա, որը և պետք է իրականացնի բոլոր գործառույթները:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաև Հայաստանում կարկտահարության դեմ պայքարին՝ ներկայացնելով երկրում առկա վիճակը և խնդրի լուծման իր պատկերացումները:

Նախարարը տեղեկացրեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր առջև նպատակ դնելով խնդրին տալ համակարգային լուծում, մարտի վերջին կազմակերպել էր մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների արդյունավետության վերաբերյալ գիտական քննարկում, որին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետները:

ԱԻ նախարարի խոսքով հանրապետությունում ներկա պահին առկա են 500-ից ավելի կայաններ, որոնց գործունեության արդյունավետությունը ներկայում հարցեր է առաջացնում:

Արագածոտնի և Արմավիրի մարզերում նախորդ տարի տեղադրվել են 2 հրթիռային կայաններ, որոնց պարագայում առկա է հրթիռների ձեռք բերման հետ կապված խնդիրներ:

ՀՀ-ում, ըստ վիճակագրական տվյալների, առավել շատ կարկուտ է տեղում Արմավիրի մարզում, որտեղով անցնում են նաև օդանավերի հիմնական թռիչքուղիները: «Եթե երկնքում ամպ կա, և օդանավ է անցնում, կրակել չի կարելի: Սա խնդիր է: Պետք է առավել ուշադրություն դարձնել կարկտապաշտպան ցանցերին»: Ըստ նախարարի՝ տարբեր երկրներ այս խնդիրը լուծել են ապահովագրական մեխանիզմների ներդրմամբ:

Հանդիպման վերջում նախարարը կարևորեց ԶԼՄ-ների դերը, նշելով, որ լրագրողները լավագույնս կարող են իրազեկել մարդկանց և օգտակար լինել աղետների կանխարգելման գործում: 

← Վերադառնալ ցուցակին