Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

15:16 / 05.04.2019

Ապրիլի 5-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Մկրտչյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 22984 զանգ, որից 574-ը՝ արտակարգ դեպքերի, պատահարների, կենցաղային բնույթի, մարդկանց առողջությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 զանգ, որից 10-ը՝ Երևանից, 2-ը՝ Տավուշի մարզից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն: Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է նաև հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 16 հետազոտություն:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանը զեկուցեց, որ ապրիլի 2-4-ն ակադեմիայում անցկացվել են ՄԱԿ-ի որոնողափրկարարական խորհրդատվական խմբի Քաղաքային որոնողափրկարարական թիմի դասընթացներ, որոնք կշարունակվեն ապրիլի 8-12-ը:

Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզերում փրկարարական գույք-տեխնիկայի և համազգեստի բաշխմանը, ծառայողների կարգապահական խնդիրներին, Երևանում և ՄՓՎ-ներում հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայության կազմակերպման խնդիրներին, ՀՓՋ-ների պլանային և անակնկալ ստուգայցերին, հրշեջ կայանների շենք-շինությունների բարեկարգման աշխատանքներին և այլն: 

← Վերադառնալ ցուցակին