Նորություններ

Պաշտոնական

Տոնական «Աղետիկ»՝ «Լուսէ» կենտրոնի սաների համար

15:47 / 29.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» թատերախմբի փոքրիկ դերասանների «Աղետիկ» երաժշտական բեմադրությունը դիտելու: Ներկայացման հիմքում՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի մանկական բանաստեղծություններն են, նպատակը՝ «Կրթություն խաղի միջոցով» ձևաչափով անվտանգության մշակույթի ձևավորմանը նպաստելը:

«Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է մոտ մեկ տարի առաջ՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Երևան իմ սեր» հիմնադրամի համագործակցության արդյունքում: Այսօր ունի 150 սան, որոնք ստանում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, պարային թերապիա, հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի և այլ մասնագետների հետ աշխատանք և այլն:

Տոնական «Աղետիկը» Ձմեռ Պապի մասնակցությամբ է և ուշադրության է հրավիրում Ամանորյա «վազքին» բնորոշ ռիսկերին և հորդորում զգույշ լինել Ամանորյա տոնածառը զարդարելիս, խմորեղեն թխելիս, տաք կերակուր պատրաստելիս և այլն:

Բեմադրության հերոս Աղետիկը երեխաներին վախեցնում է. փոթորիկին ու կայծակին ուղարկել եմ, որ Ձմեռ Պապին ու Ձյունանուշին մոլորեցնի:

Ձմեռ Պապը, սակայն, փրկարարների օգնությամբ տեղ է հասնում ու երեխաները արձանագրում են. մի խառնվեք,
911 զանգահարեք:

Թող չլինեն արհավիրքներ,

Ու թե եղավ, մի հապաղեք,

911 զանգահարեք,

Կգանք, կօգնենք:

Ներկայացումից հետո հավաքվածներին անակնկալ մատուցեց «Լուսէ» կենտրոնի 12-ամյա սան Գոռ Համբարձումյանը՝ «Մայրիկ» երգի հիանալի կատարմամբ: Իսկ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը երեխաներին ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական խոսք-մաղթանքը. «Բարի մարդ դարձեք, փրկարար դարձեք, օգնության հասեք, եթե դրա անհրաժեշտությունը կա, երջանիկ եղեք ձեր ծնողների, դաստիարակների, շրջապատի հետ միասին»:

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից հեռացան ԱԻՆ-ից ստացած նվերներով:

← Վերադառնալ ցուցակին