Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարն այցելել է Լուսակերտի ուսումնական և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոններ

18:27 / 22.12.2018



Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Լուսակերտի ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը: Շրջայց կատարելով ուսումնական կենտրոնի տարածքում՝ ԱԻ նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ կենտրոնի շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով փրկարարների վերապատրաստման հարցին՝ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հատկապես կարևորեց սակրավորների պրոֆեսոնալիզմը, նշելով. «Հրդեհի կամ այլ արտակարգ դեպքի ժամանակ փրկարարի առջև դրված խնդիրն ուրիշ է, իսկ սակրավորի խնդիրը լրիվ այլ է: Այստեղ շատ ավելի լուրջ ուսուցում է անհրաժեշտ, քանի որ սակրավորը մեկ անգամ է սխալվում, և այդ մեկ անգամը չպետք է լինի»:

ԱԻ նախարարի պաշտոնակատարի հաջորդ կանգառը Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում էր, որտեղ Ֆելիքս Ցոլակյանը ծանոթացավ մարդասիրական կենտրոնի, դրա տարածքում տեղակայված ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) և ՀՌԱԿ Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությանը: Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև մարդասիրական կենտրոնի պահեստներին, որոնցում տեղակայված են ինչպես ՀՆՓԱԻԿ, այնպես էլ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի փրկարարական գույքը, սարքավորումները և հատուկ նշանակության փրկարարական մեքենաները: Անդրադառնալով հատուկ նշանակության փրկարարական մեքենաների տեղակայման վայրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբերը պետք է պատրաստ լինեն լուրջ դեպքերի համար: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ մարզերում գրանցվող վթարները և այլ արտակարգ դեպքերը սպասարկվեն տեղի ուժերով, իսկ հատուկ նշանակության փրկարական մեքենաները անհրաժեշտ է պահել լուրջ դեպքերի համար»:

ՀՆՓԱԻ կենտրոնն ունի նաև հետախույզ-կինոլոգիական ջոկատ՝ բաղկացած 8 հոգանոց անձնակազմից: Նրանք վարժեցնում են հատուկ փրկարարական միջոցառումների համար նախատեսված 8 շների՝ 6-ը հովվաշուն, 2-ը՝ լաբրադոր ցեղատեսակի: Նախարարի պաշտոնակատարը ծանոթացավ նաև հետախույզ-կինոլոգների աշխատանքներին:

Ֆելիքս Ցոլակյանը շրջեց նաև կենտրոնի տարածքում, եղավ քիմիական պաշտպանության և սակրավորների վերապատրաստման լսարաններում: Այստեղ նախարարի պաշտոնակատարին ներկայացվեց դասընթացների համար նախատեսված գերժամանակակից և արդիական տեխնիկական հագեցվածությունը:

Նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին ներկայացվեցին նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի գործառույթներն ու հնարավորությունները: Աշխատանքային այցի ավարտին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի հետ քննարկվեցին և նախանշվեցին ապագայում իրագործվելիք ծրագրերը և միջոցառումները:

← Վերադառնալ ցուցակին