Նորություններ

Պաշտոնական

Հատուկ վերապատրաստում անցած սպաները ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կփոխանցեն ենթակա սպայական անձնակազմին

16:04 / 19.12.2018

Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը աշխատանքային այցով քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնում էր: Այցի նպատակն էր հետևել նոյեմբերի 19-ից մեկնարկած Տավուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պաշտպանության (ՀՕՊ) ջոկատների խմբի պետերի մեկամսյա վերապատրաստման դասընթացների ավարտական փուլին և ամփոփել կատարված աշխատանքները: Նշենք, որ սպայական անձնակազմի համար նմանատիպ դասընթաց անցկացվում է առաջին անգամ:

Դասընթացին մասնակցում է 14 սպա: Փրկարարները վերապատրաստվում էին առաջին բուժօգնության, փրկարարական գործի, ֆիզիկական, շարային, հետախուզական, կապի և կրակային պատրաստության, հրշեջ մարտավարության ու հրշեջ տեխնիկայի և այլ ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներին մասնակցած սպաները ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հետագայում կփոխանցեն իրենց ենթակա սպայական անձնակազմին:

ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար անձնակազմը՝ Ա. Նահապետյանի գլխավորությամբ, հետևեց հատուկ պատրաստություն անցած սպաների՝ հակառակորդի կողմից հանկարծակի հարձակման դեպքում հակահարված հասցնելու թեմայով ցուցադրական վարժանքին:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Ա. Նահապետյանը հույս հայտնեց, որ այս վերապատրաստումները շարունակական կլինեն, իսկ արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները:

ՓԾ տնօրենը ընդգծեց նաև, որ պատրաստվածության նմանօրինակ շեշտադրում պետք է դնել ոչ միայն քաղաքացիական պաշտպանության, այլև ողջ փրկարարական ուժերի վրա՝ այսպիսի նախաձեռնությունների միջոցով ամրացնելով փրկարար ծառայության կապը պաշտպանական ուժերի հետ:

Միջոցառման ավարտին ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը հավաստագրեր հանձնեց վերապատրաստում անցած սպայական անձնակազմին:

← Վերադառնալ ցուցակին