Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը մասնակցել է ԱԻՊԾ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

13:37 / 30.10.2018

Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ պետնախարար Գ. Մարտիրոսյանը, ՊԲ հրամանատար Լ. Մնացականյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը և ԱՀ նախագահ Բ. Սահակյանը ծաղիկներ խոնարհեցին ԱԻՊԾ բակում տեղադրված խաչքարի մոտ, որից հետո հնչեց ԱՀ պետական օրհներգը ու տրվեց հանդիսավոր արարողության մեկնարկը:

Բացման խոսքում Բ. Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ փրկարարներն իրականացնում են շատ կարևոր և անձնվեր առաքելություն, լուծում բազում խնդիրներ, որոնք առնչվում են մարդկային կյանքերի հետ: ԱՀ նախագահը նշեց, որ կառույցի կայացմանը մեծապես նպաստել է պետական հոգածությունը, ինչպես նաև՝ բարերարների աջակցությունը: Բ. Սահակյանը ընդգծեց, որ ԱՀ ԱԻ պետական ծառայության կայացման և զարգացման գործում իր մեծ ավանդն ունի նաև ՀՀ ԱԻ նախարարությունը:

Միջոցառման ընթացքում ԱՀ նախագահի հրամանով Ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով: ԱՀ ԱԻՊԾ աշխատակցի օրվա կապակցությամբ ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին նաև ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանի հրամանով. մասնավորապես ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Սարգսյանը պարգևատրվեց «Փառքի խաչ Նոյ» մեդալով: Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար ծառայության մի շարք աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով խրախուսվեցին «Լավագույն հրշեջ-փրկարար», «Անվեհեր փրկարար», «Կանխարգելում, օգնություն, փրկություն» և «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով:

Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ ԱԻՊԾ աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր երթ:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը ԱՀ նախագահ Բ. Սահակյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Կ. Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Ծառայության տարածքով, ծանոթացավ ցուցադրված որոնողափրկարարական տարատեսակ գույքին, տեխնիկային և սպառազինությանը: Նախարարը շրջեց նաև վերանորոգված ու շահագործման պատրաստ նոր մասնաշենքերում, ծանոթացավ տարածքում իրականացված բարեկարգման աշխատանքներին, ինչպես նաև եղավ Ծառայության զորանոցում և Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Այստեղ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը ծանոթացավ ահազանգերի վիճակագրությանը և բնույթին, փրկարարների արձագանքման մեթոդներին, ինչպես նաև տվյալների ստացման, փոխանցման և մշակման մանրամասներին: Ֆ. Ցոլակյանը եղավ նաև ԱՀ «Արտակարգ քաղաքի» ուսումնական կենտրոնում, որը նախատեսված է ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների պատրաստականության բարձրացման և վերապատրաստաման համար: 

Նշենք, որ նախօրեին հանդիպման ընթացքում Կ. Սարգսյանը ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանին էր ներկայացրել նաև Արցախի տարբեր շրջաններում ընթացիկ և ապագայում ծրագրված աշխատանքները և նախագծերը: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել էին երկու հայկական պետությունների ԱԻ կառույցների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել տվյալների փոխանակումը Սոթք-Քարվաճառ ճանապարհի անցանելիության վերաբերյալ՝ ներգրավելով նաև կապալառու ճանապարհաշինարարական ընկերությանը:

← Վերադառնալ ցուցակին