Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարությունը մասնակցել է հեռավար սիմուլյացիոն վարժանքի

16:47 / 15.05.2018

Մայիսի 15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մասնակցում էր Գլոբալ ճգնաժամային կենտրոնի ցանցի (Global Crisis Centre Network, GCCN) շրջանակում անցկացվող հեռակա սիմուլյացիոն վարժանքին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) կողմից:

Սցենարի համաձայն՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Մեծ Բրիտանիայի ափամերձ հատվածում, տեղի է ունենում ուժեղ փոթորիկ, որի հետևանքով վնասվում են շինություններ, իսկ ցամաքային և ափամերձ շրջաններում սկսվում է ջրհեղեղ: Փոթորկի հետևանքով վնասվում է նաև տեխնոլոգիական արտադրական օբյեկտ, տեղի է ունենում վտանգավոր նյութերի մեծ արտահոսք, որն էլ իր հերթին սպառնում է հարակից տարածքներին և տեղի բնակիչներին:

Վարժանքի հիմնական նպատակն էր փորձարկել Գլոբալ ճգնաժամային կենտրոնի ցանցի ստանդարտ գործողությունների լրամշակված ընթացակարգը և կապի նոր այլընտրանքային միջոցները՝ նախատեսված տեսաձայնային համակարգող հանդիպումների համար:

Վարժանքին մասնակցում էին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանի, Ավստրիայի, Հորդանանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Պորտուգալիայի ճգնաժամային կառավարման կենտրոնները: Վարժանքի ընթացքում խաղարկվեցին աղետի հետ կապված իրավիճակի թարմացման, միջազգային օգնության կանոնակարգման, առաջնային կարիքների վերլուծության, համագործակցության ձևավորման և այլ իրավիճակներ:

Նշենք, որ Գլոբալ ճգնաժամային կենտրոնի ցանցում տարբեր պետությունների ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններից զատ հեռավար սիմուլյացիոն վարժանքին ներգրավված էին նաև տարածքային ու մարզային կառույցներ, միջազգային կազմակերպությունների ոլորտային կառույցներ, հիդրոօդերևութաբանական և աշխարհագրական տեղեկատվական համակարգեր և հասարակական կազմակերպություններ:

← Վերադառնալ ցուցակին