Նորություններ

Պաշտոնական

Հարգանքի տուրք Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին

12:06 / 12.03.2018

Մարտի 11-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հարգանքի տուրք մատուցեցին 2011 թ. Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարերին:

ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանն իր ելույթում մասնավորապես ասաց.

- Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Տոհոկուի 2011 թ.-ի երկրաշարժի և ցունամիի զոհերին խորհրդանշական վայրում` Սպիտակ քաղաքում, որի բնակիչները տեսել են 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները, ինչպես նաև Ճապոնիայի ժողովրդի աջակցությունը Սպիտակի երկրաշարժի ծանր օրերին: Ճապոնիան այսօր էլ Հայաստանի կողքին է` հանդիսանալով աղետների ռիսկերի նվազեցման ու աղետներին արձագանքման կարողությունների զարգացման հարցերում մեր միջազգային կարևորագույն գործընկերներից մեկը:

Դեսպան Տագուչին, կարևորելով աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ հայ-ճապոնական համագործակցությունը, նշեց.

- Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ հայ-ճապոնական համագործակցությունն ընդլայնվում է: Անցյալի աղետներից քաղված լավագույն դասը աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումն է:

Նշենք, որ 2011 թ. մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:46-ին Խաղաղ օվկիանոսում` Տոկիոյից 231 կմ հյուսիս-արևելք, տեղի ունեցավ 9 մագնիտուդով երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում հինգերորդն էր (1900 թ. ի վեր) և հզորագույնը Ճապոնիայում երբևէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին Ճապոնիայի ափերը` իրենց ճանապարհին սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, նավեր ու գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը դարձավ նաև «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի պատճառ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր-հազարավորները մնացին անօթևան:

← Վերադառնալ ցուցակին