Նորություններ

Պաշտոնական

Նոր նախաձեռնություն բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում

15:35 / 12.01.2018

Հունվարի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Դիմակայուն» նախաձեռնության անդամներին, որում ընդգրկված են «Իմփաքթ Սոլյուշնս» (IMPACT Solutions) խորհրդատվական ընկերության համահիմնադիր Մարիա Հովումյանը, «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամ, «Երիտասարդական գաղափարներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Արմինե Պետրոսյանն ու Շուշանիկ Սահակյանը և այլք:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանամերձ համայնքներում մարդածին աղետներին բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում համագործակցության հնարավոր ուղիները: Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը սահմանամերձ համայնքներում բնակչության դիմակայունության և պատրաստվածության գործընթացում՝ ԱԻ նախարարը շեշտեց, որ հասարակական կազմակերպությունների մարդկային ռեսուրսի ներգրավվածությունը կարող է մեծ արդյունքներ ապահովել հատկապես բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներում:

Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ սահմանամերձ երկու համայնքներում ուսումնասիրություններ իրականացնել և մշակել համատեղ պիլոտային ծրագիր, որը միտված կլինի մարդածին աղետների (այդ թվում՝ ռազմական գործողությունների) ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ մասնավորապես հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված ուսուցողական արշավների միջոցով: 

← Վերադառնալ ցուցակին